168.am-ը գրում է.
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր հարցաքննվեցին մի խումբ վկաներ, այդ թվում՝ «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Վերջինս հայտարարեց, որ ճանաչում է սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանին. վերջինս ֆեյսբուքով գրել էր իրեն՝ ներկայանալով՝ որպես «Յանուս» արտիստական թատրոնի ղեկավար: Անի Զախարյանն ասաց, որ Մուշեղ Մխիթարյանը ներկայացել է՝ որպես 33 թե 34 տարեկան: «Ես ինքս բոլոր այն մարդկանց, որ ակտիվիստական դրսևորում են ցուցաբերում, հոգածությամբ եմ վերաբերվում և փորձում եմ վտանգներից հեռու պահել: Ամենակարևոր փաստը, որ այդ հանցագործությունից մոտ մեկ շաբաթ առաջ ինձ զանգահարեց և ասաց, որ իրենց շենքի միջանցքում իրեն մի քանի հոգի բռնացրել են, սպառնացել, որ կոչնչացնեն, Լիլիթ անունով ընկերուհի ունի, նրան էլ կոչնչացնեն: Ես էլ մտածեցի՝ գուցե քաղաքական պահերով, Բաղրամյան պողոտայից մնացած ինչ-որ հաշիվներ կան, և այլն, և այլն»:
Անի Զախարյանն ասաց, որ Մուշեղ Մխիթարյանն իրեն պատմել է, որ մտերիմ է Անի Մաջնունյանի հետ, որպես ակտիվիստ՝ երբեմն զանգահարել է իրեն, և իրենք շփվել են: Ինքն իմացել է, որ Անի Մաջնունյանը սպանվել է, իսկ դեպքից հետո ինքը Մուշեղ Մխիթարյանին հրավիրել է հանդիպման՝ հասկանալու համար, թե ով և ինչի համար է նրան սպառնում. «Ինքը ներկայացավ: Փաստորեն, արդեն այդ դեպքը կատարվել էր:
Ներկայացավ լրիվ սանրվածքը փոխած, այլ հագուստով»: Ըստ նրա՝ Մուշեղ Մխիթարյանն իրեն պատմել է, որ ողջ երեկո այնտեղ է եղել. «Պատմեց, որ ամբողջ երեկոյան ինքն այնտեղ է եղել՝ հիմա մատնահետքերս ամբողջովին Անիենց տանն են, կասկածյալը ես եմ լինելու, քաշվեցի, գլխիս սարքելու են: Իր բառերն են: Դրանից հետո նա տեղ էր նման գալիս, որպեսզի տուն չգնա: Հիմա, երբ ես արդեն հետադարձ հայացքով վերլուծում եմ, ըստ երևույթին, չէր ուզում գնալ տուն, որովհետև գիտեր, որ իրեն կարող են բերման ենթարկել»:
Պատասխանելով մեղադրողի հարցին՝ Անի Զախարյանն ասաց, որ շփման ընթացքում Մուշեղ Մխիթարյանն իրեն այնպես չի դրսևորել, որ ինքը մտածի՝ նա նման արարքի է ընդունակ.
«Պարզապես այն փաստը, որ ինքը պատմում էր, թե հազարավոր դոլարներ է աշխատել իր թատերական ներկայացումներով, և այլն, և այլն, ինձ արդեն անլուրջ թվաց, և ես պարզապես լսում էի իրեն, որովհետև այսօր կայացած թատրոնները չեն կարողանում իրենց գեղարվեստական խումբը պահել, ուր մնաց՝ մի շրջիկ թատրոն կարողանա հազարավոր դոլարներ աշխատել»:
Նա նշեց, որ չի մտածել, որ նա կարող էր հանցագործություն կատարել. «Բայց հետո, երբ ես արդեն իմացա, որ ինքն է կասկածյալը, երեք օր շոկի մեջ էի, ես արդեն մտածում էի, որ գուցե ես էլ լինեի պոտենցիալ զոհի կարգավիճակում, որովհետև այդ մարդն ինձ հետ էլ է շփվել»:
Դատարանում հարցաքննվեց Անի Մաջնունյանի տարեց մայրը՝ տիկին Լորետան, ով ասաց, որ դուստրը շատ ազնիվ, շատ միամիտ անձ է եղել. «Նա սուտ խոսել չգիտեր, նա ինձնից գաղտնիք չուներ: Նա իր բոլոր գաղտնիքներն ինձ ասում էր»:
Մայրը պատմեց, որ դուստրն իրեն ասել է, որ մի ռեժիսոր է հայտնվել, և ինքը պետք է խաղա նրա ֆիլմում: Ինքը հետաքրքրվել է, թե ո՞վ է նա, ի՞նչ ֆիլմ պետք է նկարահանվի. «Ասաց՝ ես հովանավորում եմ իրեն: Ասացի՝ ի՞նչ ձևով, բա ինքը գալիս է, ասում է, որ ֆիլմս կիսատ է, փողս վերջացել է, փող չունեմ: Ես իրեն հովանավորում եմ, փող եմ տալիս: Տանտերն իրեն հանում-գցում է դուրս, գիշերը մնում է փողոցում, գալիս, ասում է՝ Անի ջան, մնացել եմ փողոցում, վարձը չեմ տվել, ինձ դուրս են արել, ես ապաստան եմ տալիս, առավոտ շուտ թողնում-գնում է:
Հետո հայտնվեց՝ այդ բոլորը սուտ էր: Ոչ մի ֆիլմ էլ չկար»:
Մայրը նշեց, որ այդ ռեժիսորն ամեն տեղ ասել է, թե 33 տարեկան է, սակայն նա 20 տարեկան է: «Այդպես խաբեբայությունով զբաղվելով, փողաշորթությունով զբաղվելով՝ նա ինձնից խլել է իմ ամենա-ամենասիրելի էակին, իմ կերակրողին, իմ խնամողին, իմ դեղերը հայթայթողին,- ասաց մայրը՝ շարունակելով,- Ես իմ երեխային եմ հետ պահանջում ՝ դատախազով, դատարանով, դատավորներով, փաստաբաններով: Թող իմ երեխային ետ բերեն: Ոնց ուզում եք՝ արեք: Ես իմ երեխային եմ ետ պահանջում ձեզանից՝ իմ ամենասիրելի էակին: Նրան ինձնից խլել է մի 20 տարեկան հայ երիտասարդ, որ խոշտանգումով է սպանել իմ երեխային»: Դատարանի դահլիճից դուրս գալով՝ տիկին Լորետան ասաց. «Եթե հայ երիտասարդը հայ կնոջ է խոշտանգում, թուրքն ինչի՞ պիտի չխոշտանգի»:
Դատարանն այսօր հարցաքննեց գործով հիմնական վկա Աննա Միսակյանին: Վերջինս իր ցուցմունքի ավարտին ասաց, որ դեպքի հաջորդ օրը հանդիպել է իր ընկերներից մեկին, նրան ամեն ինչ պատմել ու հարցրել՝ գա՞ Ոստիկանություն, թե՞ սպասի: «Զրույցից հետո ես եզրահանգման եկա, որ պետք է Ոստիկանություն գնամ»:
Նա նշեց, որ ամբաստանյալին 5-6 տարի ճանաչել է: Սկզբում ընկերական հարաբերություններ են ունեցել, հետո 1-2 տարի չեն հանդիպել, ապա նա՝ որպես ուսուցիչ, սկսել է աշխատել այնտեղ, որտեղ սովորել է.
«Տեսավ, որ ես այնտեղ եմ ու գիտեմ՝ ինքն ուրիշ մարդ է, ինչպես ինքն է ներկայացնում, այդ մարդը չէ: Դրանից վախենալով, որ ես կարող եմ ինչ-որ մեկին պատմել, այսպես ասած՝ սկսեց իր թևի տակ պահել: Ինքն ինձ սկզբում խոսք էր տալիս՝ դու կխաղաս բեմերում, և այլն, ու ինքը պատմեց ինձ, թե ինչ գործունեություն է ծավալում, քանի տարեկան է իրեն ներկայացնում այլ անձանց: Եվ այդպես ես սկսեցի աշխատել իր թատրոնում»:
Վկան ասաց, որ Մուշեղ Մխիթարյանն իրեն ասել է, որ Անի Մաջնունյանին մոտ 1 մլն դրամ էր պարտք, ասել է, թե իր կարծիքով՝ տանը մեծ չափի գումար կա: Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում ամենաճիշտ հանգամանքները նշվել են առերեսման ժամանակ: Առաջին ցուցմունքների մի մասում սխալ ներկայացված հանգամանքներ կան, շատ մանրամասներ սկզբում չի ասել, քանի որ վախեցած, լարված է եղել:
Տուժողի իրավահաջորդը, ով Անի Մաջնունյանի եղբայրն է, վկայից հարցրեց, թե արդյո՞ք նա իրեն մեղավոր համարում է, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես ինձ մեղավոր եմ համարում այն հարցում, որ ես իմ մեջ չգտա համարձակություն շատ հարցեր կանխելու»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում