Ֆեյսբուք 

Հասարակությունը կարող է միավորվել կոռուպցիայի դեմ արագ, անկեղծ ու ապաքաղաքական պայքարի հարցում

analitik.am

Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կոռուպցիայի արմատական վերացում.

Ի՞նչու հիմա.

Մինչ այժմ կոռուպցիայի նկատմամաբ վատ վերաբերմունքը հիմնականում ձևավորվում էր սոցիալական անարդարությունից, քաղաքական (իշխանափոխություն և այլն) շահերից և հասարակական բևեռվածվածությունից: Քառօրյա պատերազմը ապացուցեց շատերի կողմից նախկինում հնչեցված թեզը. այն է՝ կոռուպցիան ազգային անվտանգության գերագույն սպառնալիքն է և ժամանակի հետ այդ սպառնալիքը կուժգնանա: Այս պահին հասարակությունը պահանջում է կոռուպցիոն թնջուկի արագ և նույնիսկ ռադիկալ հանգուցալուծում և պատրաստակամ է աջակցել ցանկացած ուժի, որը հայտ կներկայացնի հանգուցալուծել այդ թնջուկը: Այնպես ինչպես հասարակությունը պատերազմի և հետպատերազմական օրերին միավորված է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ, նույնությամբ այն կմիավորվի կոռուպցիայի դեմ արագ, անկեղծ ու ապաքաղաքական պայքարի հարցում:

Ի՞նչ անել.

1991 թվականից սկսած բոլոր պետական պաշտոնյաներին և փոխկապակցված անձանց ենթարկել մանրամասն «սքանի», հարուցել քաղաքացիական և քրեական բազմաթիվ գործեր, պետությունը միջոցները և պաշտոնական դիրքը սեփական կարիքներին ծառայեցնողներին պատժել օրենքի ողջ խստությամբ: Վերադարձված գումարները անհրաժեշտ է ուղղել պետական բյուջե, ինչի արդյունքում հնարավոր կլինի առողջացնել տնտեսությունը, հետևաբար ուժեղացնելով բանակի թիկունքը:

Ի՞նչ անել մասնավոր հատվածի հետ.

Ոչ ոք չի զարմանա, եթե հիմնավորվի որ մասնավոր հատվածից միայն բացառիկ կազմակերպություններ են վճարում հարկեր, այնպես, ինչպես սահմանված է օրենքներով: Մասնավոր հատվածին պետք է վերադարձնել օրենքի դաշտ, բարեփոխել հարկային օրենսդրությունը և վերացնել տնտեսությունը քանդող մոնոպոլիաները, կարտելները և հովանավորչությունը:

Արդյո՞ք սա պառակտում է.

Իհարկե ոչ: Եթե ուշադրությամբ հետևենք Քառօրյա հաղթական պատերազմին և հաջորդող օրերին, ապա պարզ կդառնա, որ մոբիլիզացվեցին ա. զինվորականությունը, բ. կամավորական ազատամարտիկները և գ. ակտիվ երիտասարդները և քաղաքացիական հասարակությունը: Մեր երկրի կոռուպցիոներների գրեթե ողջ զանգվածը բացակայում է Հայաստանից և որևէ կապ չունի մեր հասարակության հետ: Նրանց պատասխանատվության ենթարկելով ավելի շատ կպառակտվի Մոնակոյի, քան հայ հասարակությունը: Իսկ մենք՝ երկրի ներսում, ավելի կմիավորվենք, որովհետև կմեծանա մեր պետության նկատմամբ հավատը:

Սփյուռքի դերը ու ներգրավվածությունը.

Սփյուռքը միանշանակ կմիանա այս շարժմանը, եթե հավատա իրականացվելիքի անկեղծությանը: Հայկական Սփյուռքը աշխարհի հզորագույն տրանսնացիոնալ ցանցերից է, այն իր հզորությամբ և ազդեցությամբ գերազանցում է նույնիսկ «Մեծ քսանյակի» անդամ որոշ պետությունների: Իսկ ի՞նչու Սփյուռքը իր հզոր ներուժը չի ներդնում Հայաստանում, պարզ է բոլորին. Կոռուպցիա:

Ձևավորված թյուր կարծիքներ, որոնք իրավունք չունեն լինել դիսկուրսում

1. Կոռուպցիայի դեմ պայքարը կպառակտի հասարակությունը: Ընդհակառակը, անհայրենիք թալանչիների ու իրենց պաշտոնի լրջությունը չգիտակցող կառավարիչներին մաքրելը պետական կառվարման համակարգից միմիայն կմիավորի հասարակությանը: Հիշենք, մեր հասարակության մեծամասնությունը այս կամ այն կերպ սեփական փորձով է առնչնվել անարդարության հետ:
2. Կոռուպցիա բոլոր երկրներում էլ կա: Այո, բայց ոչ բոլոր երկրներն են կոռումպացված: Եվ չկա աշխարհում զարգացած և հարուստ մի երկիր, որը թաղված է կոռուպցիայի մեջ:
3. Ոչինչ հնարավոր չէ փոխել: Սա փակուղի տանող գաղափար է, աշխարհում ավելի լուրջ ու մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, անհնարին ոչինչ չկա, գլխավորը կամքն է:
4. Բոլոր պետական ծառայողները թաղված են կոռուպցիայի մեջ և որևէ հնարավորություն չկա նման փոփոխություն իրականացնելու: Բոլորը կոռումպացված չեն, կան բազմաթիվ ազնիվ ու հայրենասեր պետական ծառայողներ: Թնջուկը հանգուցալուծել հնարավոր է միայն բոլորի մասնակցությամբ, քանի որ պետք է փոխվի համակարգը: Շատերը պարտադրված թաթախվում են մութ գործարքների մեջ, որովհետև դեռևս ԽՍՀՄ-ից ժառանգած համակարգի կանոններն են պարտադրում:
5. Սկսելով մեծ ներքին շարժում մենք ջուր կլցնենք արտաքին «չուզողների» ջրաղացին: Բոլորին պետք է հայտնի դառնա ու շատ հստակ լինի: Գանձագողության դեմ պայքարը բխում է հայրենասիրությունից և դրա բոլոր մասնակիցները ենթարկվում են ՀՀ ԶՈՒ-ին և գերագույն գլխավոր հրամանատարին:

Վիկտոր Ենգիբարյան
Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ

Նույն շարքից