Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի վերջին վարչապետի՝ վերջին գրությունը 1920 թվականին... Ներկայացնենք մի պատմական արխիվային փաստաթուղթ՝ Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի վերջին գրությունը: Այն գրվել է Վրացյանի կողմից (որն այդ պահին միաժամանակ նաև ներքին գործերի նախարարն էր) 1920-ի դեկտեմբերի 1-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի բլանկի վրա: Ընդամենը մեկ օր հետո կառավարությունը ցրվեց և Հայաստանը որպես անկախ երկիր դադարեց գոյություն ունենալ:
Փաստաթուղթը գրված է եղել Հայաստանի համար ծանր պայմաններում, երբ երկիրը արևմուտքից դիմագրավում էր քեմալական Թուրքիայի զորքերի հարձակմանը, իսկ արևելքից՝ Սովետական Ռուսաստանի, և դա այն դեպքում, երբ հայկական բանակը, ցավոք, փաստացի կազմալուծված էր: Հայաստանին պարտադրվեց ստորագրել պարտվողական մի պայմանագիր, որը պատմության մեջ մտավ որպես Ալեքսանդրապոլի պայմանագիր: Մեզ միշտ պետք է դաս լինի, թե ինչու և ինչպես կորցրինք 1920 թվականին մեր անկախությունը: Եվ հիմա, Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական դժվարին պայմաններում, մենք ուրիշ այլընտրանք չունենք, քան ունենալ կազմակերպված և մարտունակ ազգային բանակ՝ միշտ պատրաստ ցանկացած պատերազմական իրավիճակներին:
---
«Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ.
Երեկ, նոյեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում տաճիկները ներկայացրին իրենց պայմանները Հայաստանի սահմանների մասին: Այդ պայմանների համաձայն երկաթուղագիծը մնում է մեր ձեռքին: Մեր պատվիրակությունը տվել է իր հավանությունը: Բանակցությունները շարունակվում են: Հաշտությունը մոտիկ է: Մի քանի օրից կլինի լայն զորացրում:
Ներքին գործերի մինիստր
Ս. Վրացյան (ստորագրություն)»: