Ֆեյսբուք 

Ովքե՞ր են անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ամենից շատ քննադատված բարձրաստիճան պաշտոնյաները

analitik.am

Արմեն Պետրոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Ովքե՞ր են անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ամենից շատ քննադատված բարձրաստիճան պաշտոնյաները.

Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական, կրոնական, քաղաքական, իրավական և այլ բազմաբնույթ խնդիրներին զուգահեռ՝ անցնող շաբաթվա ընթացքում երկրի բարձրագույն ղեկավարության վարկանիշի վրա բացասական առումով լուրջ ազդեցություն ունեցան մի քանի օր շարունակ հատկապես գիշերային ժամերին տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական ռազմական գործողությունները, որոնց հետևանքով էականորեն տուժել են նաև ադրբեջանական սահմանային մի շարք խաղաղ բնակավայրեր: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը, արդեն ավանդական դարձած մարտավարության համաձայն, միտումնավոր կերպով հարվածային զինտեխնիկան տեղակայում է խաղաղ բնակավայրերում՝ բնակելի տների, հասարակական նշանակության հաստատությունների հարևանությամբ, որպեսզի հայկական զինուժի պատասխան գործողությունների հետևանքով լուրջ վնասներ և կորուստներ արձնագրվեն հենց խաղաղ բնակչության շրջանում. նպատակը՝ հատկապես միջազգային լսարանին հայկական կողմի «վայրագությունները» ցուցադրելն է:

Մինչդեռ, սեփական իշխանությունների՝ արդեն ծանոթ գործելաոճը լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել նաև ադրբեջանական հասարակության առավել գիտակից հատվածի շրջանում: Մեկ անգամ չէ, որ, հայերին զուգահեռ, ամենասուր քննադատություններ և հայհոյանքներ են ուղղվում հենց Ադրբեջանի իշխող վերնախավի մի շարք ներկայացուցիչների հասցեին:

Եվ այսպես, «ադրբեջանական փողոցից» ստացված ամենավստահելի տեղեկատվության համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում ամենից շատ քննադատված բարձրաստիճան պաշտոնյաների առաջատար եռյակը բացում է ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հասանովին քննադատում են սին և անպտուղ հայտարարությունների, խոսքից գործի անցնելու անկարողության մեջ. մասնավորապես՝ փոխանակ հայկական կողմին համարժեք պատասխան տալու, պաշտպանության նախարարը զբաղված է PR քայլերով՝ այցելություններ դիրքեր, սահմանամերձ բնակավայրեր, անպտուղ հայտարարություններ, իսկ ադրբեջանական զինտեխնիկան օգտագործվում է միայն ռազմական շքերթների ընթացքում ցուցադրելու նպատակով:

Ադրբեջանցիների հայհոյանքներին արժանացած պաշտոնյաների երկրորդ պատվավոր հորիզոնականում երկրի նախագահ Իլհամ Ալիևն է: Նա նույնպես մեղադրվում է սին և անպատասխանատու հայտարարություններ կատարելու մեջ. որպես օրինակ՝ «երբ անհրաժեշտ լինի, Ղարաբաղը կազատագրենք»: Բացի այդ, քիչ չեն նաև նախագահին ուղղված հայտարարությունները սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված և հատկապես՝ «Պանամայի օֆշորային գործարքների» առնչությամբ:

Մինչդեռ անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ամենահայհոյված պաշտոնյայի դափնին պատկանում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Վերջինը և նրա կողմից ղեկավարված կառույցը մեղադրվում է ինչպես դատարկաբանությամբ զբաղվելու մեջ, այսինքն՝ «որևէ շոշափելի արդյունքից զուրկ», «ոչինչ չասող» հայտարարություններ տարածելով, այլև՝ տապալվել է միջազգային հանրությանը հայկական կողմի ագրեսիվ գործողությունների մասին համոզելու գործում, քանի որ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունում, ինչպես Ադրբեջանից դուրս, այնպես էլ, առավել ևս, երկրի ներսում:

Բացի նշվածից, Մամեդյարովը «ադրբեջանական փողոցի» բանավոր թիրախում հայտնվեց ապրիլի 27-ին Բաքվում կայացած Էրոս Ռամազոտիի համերգին ներկա գտնվելու պատճառով. երկրի համար այսքան կարևոր ժամանակահատվածում, երբ սահմանում լարված է իրավիճակը, հարյուրավոր ընտանիքներ սգում են իրենց զինվորների մահն, ԱԳ նախարարն անհոգ կերպով զվարճանում էր իտալացի երգչի համերգին»:

Նույն շարքից