Ֆեյսբուք 

Ենթադրենք՝ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց հինգ շրջանները...

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ենթադրենք՝ հայկական կողմը հանձնեց հինգ շրջանները՝ կամ անգամ մեկ շրջան՝ ենթադրենք՝ Արցախի ամենաբարձր՝ անկախության ճանաչումից ու գերանկախ կարգավիճակից էլ առավել: Ո՞վ է երաշխավորելու, որ նոր պատերազմ չի լինի՝ բուն Արցախը նվաճելու համար: Ո՞վ է ապահովելու դա: «Միջազգային հանրությու՞նը», ֆրանսիական, գերմանական, ճապոնական, ֆիլիպինյան, մեքսիկական զինված ուժերը՞: Գուցե ՀԱՊԿ-ը՞: Չկան և չեն կարող լինել աշխարհում այդպիսի երաշխիքներ, առավել ևս Ադրբեջանի պարագայում դրանք չեն կարող աշխատել:
Ենթադրենք՝ Ադրբեջանը, խախտելով լավագույն ավանդույթները՝ հավատարիմ մնաց իր այդպիսի հիպոթետիկ պարտավորություններին: Ո՞վ է երաշխավորելու, որ Ալիևների կլանին հաջորդող իշխանությունը, որ անպայմանորեն դեստրուկտիվ է լինելու իր նախորդի ժառանգության հանդեպ և համեմատ՝ հավատարիմ կմնա այդ պարտավորություններին և նոր պատերազմ չի սանձազերծի արդեն առավել լավ դիրքերի՞ց: Իսկ եթե գան իշխանության՝ առայժմ փոքրամասնություն կազմող սուննի իսլամիստներ՝ իսլամական խալիֆայության տարածքը մեծացնելու երազանքներո՞վ: Ո՞վ է նրանցից պահանջելու պարտավորությունների պահպանում: Ո՞վ է ընդհանրապես այն ուժը, որ հավատում է կամ կարող է երաշխավորել Ադրբեջանի հավատարմությունը ինչ-որ պարտավորությունների՞: Այսօր առաջարկվում է մեր բոլորի հայրենիք հանդիսացող ազատագրված տարածքները «փոխզիջել» ոչնչի դիմաց: Դա ոչ թե կռահում է, այլ՝ բացահայտ հայտարարությունների փաստի արձանագրում: Դրա արդյունքում ամեն դեպքում հայաթափվելու է Արցախը, իսկ դա ազատ ճանապարհ է՝ դեպի Զանգեզուր, իսկ ապա և Երևան:
Եթե հայ ժողովուրդը դեռևս բանականությունը չի կորցրել, ապա անհրաժեշտ է հասկանալ և ըմբռնել այս պարզագույն ճշմարտությունը և պահանջել հրաժարվել բանակցային պրոցեսի նման պարտվողական և ինքնաոչնչացնող ձևաչափերից ընդհանրապես: Ստացվում է, որ Հայաստանը բանակցում է սեփական մահվանն առավել արդյունավետ կերպով հասնելու մեթոդների շուրջ: Աշխարհում չկա մեկ այլ դեպք, երբ իբրև թե հաղթած կողմն ինքնասպանության լավագույն ուղին փնտրի: Առաջին քրիստոնյա պետություն լինելուց զատ, հավանաբար այստեղ ևս մենք ընտրենք առաջինը լինելու հանգամանքը:

Նույն շարքից