Ֆեյսբուք 

Սթափվելու ժամանակն է

analitik.am

''…Հարազատները չեն եղել այս ամենի մեջ, հարազատները չեն հեղինակը, հարազատներն իրենց վշտի մեջ են, նրանք չեն այս ցույցերի հեղինակները: Այդ ամբողջ ընթացքում հարազատները եկեղեցում են եղել: Սա հարազատից դուրս չի եկել, սա ուրիշ տեղից է դուրս եկել: Եթե ուզեք՝ լավ էլ կտեսնեիք, թե ովքեր էին դրա նախաձեռնողները…'': Սա մի հատված է Գյումրիի թեմի առաջնորդի հարցազրույցից:



Գյումրու սպանդը դարձել է ազգիս արկածախնդիրների հերթական ոգևորության առարկան: Մարդկանց մի որոշ զանգված մի ամբողջ ազգի վիշտ սարքել է քաղաքական էժան և անհեռատես PR-ի առիթ: Ավետիսյանների հարազատները սգում են, իրենց հետ սգում է նաև ամբողջ ազգը՝ գոնե ազգի այն մասը, ովքեր ունեն զգացմունքներ, գնահատում են մարդկային կորուստը, ում  համար միևնույնն է դա ում ընտանիքի դժբախտությունն է, քանի որ չունեն իմ ու քոնի տարանջատման սահման, մարդիկ,  ովքեր Ավետիսյաննների վիշտը համարում են իրենցը, իսկ պատվեր կատարող փիառիստները ռուսական դրոշ են պոկում,բանակ չծառայած նախկին պատգամավորները՝ կարծեցյալ եվրոպական արժեքներ կրողները, ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու կոչեր են անում:


Կարելի է մտածել, որ մարդկային ստահակը, որ իր հայրենիքի համար չի ծառայել, երբևէ զինվորի հետ մեջք մեջքի տված սահման չի պահել, երբևէ չի համտեսել մահվան վտանգը, երբևէ անճարությունից չի ոռնացել թշնամու գնդակից արնաքամ  եղող մարտական ընկերոջ համար և անգամ մտքով չի անցնում հայ թուրքական սահմանը պահպանել և չի բացառվում, որ չի էլ գիտակցում այդ սահմանի պահպանման կարևորությունն ու նշանակությունը, այժմ անհանգստանում է:


Դե իհարկե նման մարդիկ ներդրում չունեն այն հողի պահպանման հարցում, որի վրա տրորում են և ազգի անվտանգությունը և ազգային շահը, դրա հետ միասին տրորելով այն բոլոր մարդկանց,  ովքեր կյանք են տվել այս հողի ու սահմանի համար: Ակամայից հարց է առաջանում՝ տեսնե՞ս ինչքան են ստացել այդ անմեղսունակ կոչերի համար, թե այդ կոչերը անում են մի թուլափայ ստանալու հույսով. Թուլափայ, որի հույսով վտանգում են ամեն ինչ, իրենց ի՞նչ է եղել՝ մի թուլափայ ցանկացած երկրում էլ կստանան:


 Ուղղակի այդ երկիրը հասնելու համար պետք է լինել ՛՛Ընդիմադիր՛՛, հակառուսական, մաքսիմալ վնաս հասցնել հայրենիքիդ և ճողոպրել,  հանձնվել,  ամբողջ օպերացիայի կարևոր բառը  դրանց համար հանձնվելն է:



Անկախ ամեն ինչից՝  անունից, ծնունդից, պահվածքից, նրանք արժեքային համակարգ չունեն, պետականություն, սեր դեպի ժողովուրդ և վերջապես կրկնում եմ՝ անկախ անունից,  ժառանգություն չունեցող, չկայացած, տարիների ընթացքում ժողովրդի վշտի, դժբախտության հաշվին ինքնահաստատվող մի ոհմակ են:


Հետաքրքիր է՝  նման կոչ անող, ռուսական դրոշը վառել ցանկացող և գետնին շպրտող,  ժառանգություն չունեցող և թուլափայի հույսով ապրող փիառիստներն  իրենց հաշիվ տալիս են, որ Ռուսաստանում այսօր 3.5 միլիոն հայ է ապրում, և ի՞նչ կլինի նրանց հետ, եթե հանկարծ ռուսական եթերը ցույց տա այս չկայացած, իրենց հոգու վաճառքը եվրոպական արժեքներով քողարկած ստահակներին: Ո՞վ է պատասխան տալու մեր այդ հայրենակիցների առջև, նրանց ընտանիքների, մեր ապագա սերունդների առջև… հաստատ ոչ այս ժառանգական ստահակները, որոնք իրականում անարժան ժառանգներ են:



Այդ պատճառով էլ կոչ եմ անում իմ ժողովրդին՝ սթափվելու ժամանակն է, մի հոգին դա ազգ չէ, մի քանի ստահակ դա ազգի ժառանգությունը չէ: Ինչպես գրված էր Սողոմոն իմաստունի մատանուն  ՛՛ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ՛՛,  ստահակների ժամանակն էլ է անցնելու, հայը և Հայաստանը միշտ եղել է և կլինի, և այն միշտ ունեցել է իր գործընկեր եղբայր ժողովուրդը, որի զինվորների ոսկորները դեռ հանգչում են Երևանի բերդի պատերից սկսած մինչև Էրզրում, Բայազետ, Ղարս և Արդահան: Մի եղբայր ժողովուրդ, որի զինվորները դեռ կանգնած են մեր սահմանների վրա: Իսկ Գյումրու սպանդը կազմակերպած և իրագործած վիժվածքը  ազգություն չունի, նա զինվոր չէ, քանի որ զինվորը մասնագիտություն չէ, այլ  հոգեվիճակ է: Զինվորը երբեք անզենի վրա ձեռք չի բարձրացնի:



Շատերը կմեղադրեն ինձ  ռուսամետ  լինելու համար,  սակայն պատասխանեմ նրանց միանգամից՝ Ես ՀԱՅԱՄԵՏ եմ,  ես, ի տարբերություն մյուսների, ունեմ գենետիկ հիշողություն, ունեմ առողջ ժառանգություն և ամենակարևորը՝ սիրում եմ իմ երկիրը, սա մեր տունն է, որտեղ բոլորս պետք է մտածենք մեր մեծ ընտանիքի կայունության մասին, բոլոր ընտանիքներում  էլ վիշտ լինում է, և ցանկացած կորուստ մեծ վիշտ է ընտանիքի համար:



Հ.Գ. Իսկ ստահակներին ուզում եմ հիշեցնել՝ Անտանտի նավերը Դիլիջանի ոլորանները չեն կարող բարձրանալ, եթե իհարկե գիտեն ինչ է Անտանտը:


Crimenews.am

Նույն շարքից