Այսօր պատահաբար աչքովս ընկավ Հրապարակ թերթից մի նյութ որտեղ գրված էր, որ իբր ՀՀ իշխանություները Ռուսաստանից «դաբրո» են ստացել՝ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար: Եվ այս տեղեկությունը իբր հավաստի դարձնելու համար թերթը գրել էր «Մեր տեղեկություններով»:
Հասկանալի է, որ այսօր Ռուսաստանը այնքան խնդիրներ ունի՝ Ուկրաինայի իրավիճակի և սեփական տնտեսական խդնիրների հետ կապված, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումները որոնք ՀՀ իշխանությունների համար առաջնային նշանակություն ունի Ռուսաստանի համար «ճ» դասի խնդիր է: Եվ այսքանով միայն արդեն պարզ է, որ թերթի գրածը կատարյալ հիմարություն է:
Բայց խնդիրը այստեղ բոլորովին դա չէ, այլ այն, թե ով կհավատա մի թերթի, որը «մեր տեղեկություններով» սկսվող ցանկացած նյութում կարող է ընթերցողին հրամցնել բացառապես սուտ և կեղծիք:
Կարդալով այս նյութը, անմիջապես հիշեցի այն դեպքը, երբ «Հրապարակ» թերթը մոտ երկու տարի առաջ «սեփական տեղեկություններով» թաղել էր Վանո Սիրադեղյանին, հայտարարելով, որ նա մահացել է: Եվ միայն այն բանցի հետո, երբ ամբողջ սոցցանցը սկսեց ուղղակի ծաղրել Հրապարակ թերթին և նրա գլխավոր խմբագրին, թերթը ստիպված եղավ ընդունել սեփական անտակտությունը և հայտարարել, որ մի երկու օրինակ ավել վաճառելու համար էր դիմել այդ ստոր քայլին՝ կենդանի գործչին հայտարարելով մեռած «իր տեղեկություններով»:
Այսքանից հետո հարց է ծագում. ո՞ր ընթերցողը կհավատա ընդհանրապես այս թերթին թերթին և նրա հրապարակումներին, հատկապես երբ այն սկսում է
«Մեր տեղեկություններով» արտահայտությամբ:
Ցանկացած մեկը, ով ընդհանրապես հետևում է հրապարակումներին, վաղուց գիտի, որ Հրապարակ թերթը Հայաստանի պարբերաբար ապատեղեկատվություն տարածող բուլվարային թերթերից մեկն է և վաղուց համարվում է այսպես կոչված «դեղին մամուլ»:
Ի դեպ ամենևին զարմանալի չի լինի, որ մոտ օրերս այս թերթը հերքի իր իսկ գրած ինֆորմացիան: