Ֆեյսբուք 

Մտածեք , թե ինչպես հանեք սեպը, որ դուք թուրքին ուրախացնելով՝ խրեցիք

analitik.am

Երեկ նորից նայեցի ավտոերթի և արցախցի ուժայինների բախումը, ու նորից չիմացա՝ ինչպես վանեմ ծանր մտքերս: Երևի, լեզուս կապ ընկնելուց էր, որ ինքս իմ մազերից քաշելով՝ հասա պոեզիայի ափին: Ու առավոտյան հասկացա, որ , միևնույն է, չեմ կարող չասել՝ Արցախի մատույցներում ՙՙխիզախորեն՚՚ հայաստանցիներին դիմավորած արցախցի եղբայրներ, էս ի՞նչ եք անում: 

 

Արդյո՞ք կհաղթեինք, եթե նույնկերպ՝ դիմադրությամբ ընդունեիք հայաստանցիներին ու սփյուռքահայերին: Ձեր մեջ կա՞ մեկն ու մեկը, որ Ժիրայր Սեֆիլյանի չափ կամք ու տոկունություն է ունեցել պատերազմի տարիներին: Մեկը, որ անձնազոհության չափ սիրում է հայոց հողը: Կա՞ մեկը, որ Ժիրայրի վրա ձեռք բարձրացնելու իրավունք ունի: 

 

Ձեր մեջ որտեղի՞ց հայտնվեց խաղաղ երթավորներին խեթ նայելու, ձեր ու մեր ընդհանուր տան դուռը շրխկոցով փակելու, անգամ կանանց ու երեխաների վրա թրքաբար հարձակվելու չար կամքը: 

 

 

Հասկացա՞ք, որ դուք երեկ պատերազմ ապրած ու հաղթած տղերքը չէիք, այլ տեղով ՍԵՊ: 

 

Եվ Արցախի ոստիկանության հայտարարությունը ՍԵՊԱ-գիրն էր: 

Եթե անգամ գալիք ռազմական արհավիրքներին սեփական ուժով դիմակայելու հավակնություն ունեք և ենթադրենք՝ կարող եք, էլի մի արեք: Մայրական երախտագիտության մեդալները բաժանելով՝ ոչինչ ավարտված մի համարեք: Մտածեք , թե ինչպես հանեք սեպը, որ դուք թուրքին ուրախացնելով՝ խրեցիք: Խայտառակությունը խոստովանելը նույնպես տղամարդկություն է: 

 

Գիտեմ, թե հիմա ինչ հուսահատ ու թևաթափ են տղերքը, ովքեր կիսում կամ չեն կիսում Ժիրայրենց գաղափարները ու պայքարի եղանակները, նույն տղերքը, ում ժամանակին գրկաբաց էիք ընդունում:


Կարինե Աշուղյան


Նույն շարքից