Ֆեյսբուք 

Ավտոերթ անցկացնելու որոշումը Սեֆիլյա՞նը չի կայացրել

Հիմնադիր խորհրդարանի դեպի Արցախ նախաձեռնած ավտոերթը հաջողված չէր: Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ կողմերից յուրաքանչյուրը դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, ինչի արդյունքում ունեցանք ցավալի պատկեր` Հիմնադիր խորհրդարանի որոշ անդամներ վնասվածքներ ստացան, ինչպես նաև կրեցին նյութական վնասներ և այլն: Այս ամենին հետևեցին սոցիալական ցանցերում և լրատվական դաշտում բուռն քննարկումները և երկկողմանի մեղադրանքները կատարվածի առնչությամբ:


Հասկանալի է, որ շատերը միացել են Ժիրայր Սեֆիլյանի շարժմանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հերոս է, Արցախի ազատագրման առանցքային մասնակից: Որոշներն էլ Ժիրայր Սեֆիլյանին համարում են որպես բացարձակ արժեք, «էտալոն»:


Այնուամենայնիվ, Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժման` Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնություններին, ինչպես նաև դեպի Արցախ իրազեկման չկայացած ավտոերթին գնահատական տալու հարցում կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես են շարժման ներսում նախատեսվող քայլերի վերաբերյալ որոշումները ընդունվում, արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանը գլխավոր դերակատարն է այս հարցում, թե՞ ոչ:


Այս հարցի պատասխանը տալիս է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որտեղ նա, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ Արցախի ոստիկանապետը դեռևս 2014թ-ի դեկտեմբերին զանգել է Ժիրայր Սեֆիլյանին, բացատրել իրավիճակը և հորդորել զերծ մնալ Արցախում ավտոերթի անցկացումից, ինչին ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է, թե որոշման կայացումը իրենից կախված չէ:

Փաստորեն ստացվում է այնպես, որ շարժման նախատեսվող քայլերը որոշում է, ոչ թե Սեֆիլյանը, այլ Հիմնադիր խորհրդարանի այլ ներկայացուցիչներ: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվում` Սեֆիլյանի գլխավորած շարժման մեջ ընդգրկված մարդիկ գնում են մի մարդու հետևից, ով շարժման ներսում որոշողը չէ:


Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա ավտոերթի անցկացման որոշումը կայացնելու հարցում ևս Ժիրայր Սեֆիլյանը էական դեր չի կատարել, սակայն երթի տապալման արդյունքում որպես լիդեր, քննադատություններն ուղղվեցին նրա կողմը:



Նարեկ Պողոսյան

Նույն շարքից