Ֆեյսբուք 

ՀՀ գալուն պես քեզ կհրավիրեմ հեռուստաբանավեճի, Ժիրո. Աղաբեկյանը՝ Սեֆիլյանին

analitik.am

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե «Արթուր Աղաբեկյանը հայտնի խաբեբա է»: Սեֆիլյանը նաեւ նշել էր, որ ԼՂՀ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նույն Արթուր Աղաբեկյանը քծնում էր ՀՀ իշխանություններին. «Հանդիպման ժամանակ նստել Սերժիկի Սաշիկից էր խոսում, տասը րոպե գովում էր Սաշիկին, թե ինչքան ներդրումներ է անում»:


Այս առնչությամբ Արթուր Աղաբեկյանը գրել է.

«Ստիպված եմ անդրադառնալ, Ժիրիկի ասուլիսին՝ չցանկանալով անել այդ: Երիտասարդներին ցուցակագրելու հետ կապված՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ Ժիրիկի կոչին, կխնդրեմ կարծիք հարցնեն Շուշիի առանձնակի գումարտակի սպաներին, ովքեր անմիջական շփում են ունեցել նրա հետ, բայց կարծիք հարցրեք նրանցից, ովքեր 5.45 չեն շփոթում 7.62-ի հետ: Կարծիք հարցրեք 7-րդ պաշտպանական շրջանի բոլոր այն նախկին զինվորներից, ովքեր բարեբախտաբար շատ կարճ ժամանակ ծառայել են Ժիրիկի հրամանատարության ներքո:


Սիրելի լրագրողներ, հուսով եմ, որ մեկ օր կլինեք Շուշիում եւ Ժիրիկը ձեզ ցույց կտա այն բնագիծը, որտեղից նա մղել է իր կյանքի «ամենամեծ ճակատամարտը»:


Ժիրիկը նշում է, որ ուրախ է, որ գիտեն իր մասին, ես էլ եմ ուրախ, որ շատերը արդեն ճանաչում են Ժիրոյին: Եվ ցանկալի է, որ նման մամլո ասուլիսներ հաճախ լինեն, որովհետեւ դեռ շփոթված մարդիկ շատ կան:


Ժիրո, Սաշիկի հետ կապված, պարզաբանում տամ՝ ինչից էլ ես խոսեմ, դու ուշադիր լսելու ես…


Հակառակորդ արտահայտությանդ հետ կապված՝ Արցախը իր բնակչությամբ, իր բանակով, իր իշխանությունով ունի մեկ հակառակորդ եւ մեկ թշնամի: Եթե դու քեզ հակառակորդ ես հռչակել, ապա դա արդեն հետաքրքիր է եւ կարծում եմ լուրջ ուսումնասիրության կարիք կա:

Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ եւ օրվա իշխանություններին: Առաջինը՝ Պռոշյան սովխոզում, լավ կլինի հիշես այդ գիշերը, թեկուզ երեւում է հիշողության հետ խնդիր ունես, երկրորդը՝ հիշիր, երբ քեզ արտաքսում էին ՀՀ-ից եւ դու զանգել ես ինձ՝ ես ոչ միայն կանխել եմ դա, այլ ստեղծել եմ պայմաններ՝ քեզ ՀՀ կեցության հատուկ անձնագիր տրամադրելու, ես քեզ խաբել եմ՝ այդ գումարը վճարվել է ոչ թե ՊՆ հաշիվներից, այլ իմ անձնական գրպանից:


Հայաստան գալուն պես, չցանկանալով հանդերձ, այնուամենայնիվ, քեզ կհրավիրեմ հեռուստաբանավեճի»:

Նույն շարքից