Կինովավերագրող, լրագրող Վարդուհի Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։
«Դարձյալ պարտադրվում է կեղծ օրակարգի ռեժիմ. հացի պակասը և դրա ուղիղ պրոյեկցիան երկրի ցնցվող սահմանների վրա փորձ է արվում քաշել ներքաղաքական թամաշի հրապարակ և հասարակությանը հագցնել ձիու դոզաներով հագեցած նոր սերիալային ասեղը։ Երեկվանից մեդիան վերածվել է յուրօրինակ բուքմեյքերական գրասենյակների, որտեղ քաղաքական կեղծ թիրախի՝ մկանուտ գլադիատորի վրա բարձր ռիսկայնությամբ խաղադրույքներ են դրվում. փորձ է արվում հատուկ էֆեկտների կիրառմամբ ստանալ ավելի զգայացունց տեսարաններ և խլացնել ամբոխի ստամոքսից դեպի գլխուղեղ հասած ազդականչը։
Այս ընթացքում, իհարկե, հաճախորդը պատերին կզարկի իրեն, նույնիսկ տեղ-տեղ ձեռքը կխփի սեղանին, անխոս, բայց լեռնային մեր օրենքներով ստիպված է անցնել բոլոր «մարտիրոսների» համար ի վերուստ սահմանված հալածանքի ճանապարհը։ Իսկ ամբոխին կդատապարտեն մինչև վերջ կպնել այս սերիալին, տեղ-տեղ նաև իր մասնակցությունը բերել զանգվածային տեսարաններում և նաև մի քանի արյունռուշտ դրվագներում։
Որովհետև երբ երկրի հողը հաց չի դառնում մարդկանց ձեռքին, ստիպված ես գլադիատորներ մերկացնել և պար ածել նրանց սեղաններին, բայց խելոք հանդիսատեսը կհասկանա, անպայման կհասկանա, որ սա խաղ է կրակի հետ... Ի վերջո, ներքաղաքական այս սխոդկան կարող է վերաճել քաղաքացիական մեծ խժդժության, որի հետևանքները մեր արդեն փուխր սահմանի վրա անդառնալի կլինեն հաստատ ու միգուցե ուշացումով կհասկանանք, որ մահապարտ մարտիրոսը ոչ թե կեղծ թիրախի վրա խաղացող մկանուտ գլադիատորն էր, այլ սահմանին կանգնած մեր իսկ երեխան։ Այո, մենք կրկեսին նվիրաբերելու հայրենիք չունենք, տգետներին էլ չի կարելի բռնել և զոռով խոթել քաղաքականության մեջ...կերակրեք մարդկանց»։