Ֆեյսբուք 

Սթափվելու ժամանակը

analitik.am

Այն որ մեր երկրի ներքաղաքական կյանքում տեղ են գտնում որոշակի զարգացումներ, որոնք ուղղված են իրավիճակի սրմանը և ապակայունացմանը, արդեն շատերը համոզվեցին: Ժողովրդի փրկության բանալին գտնելու փնտրտուքի մեջ գտնվող որոշ ուժեր, գուցե անգիտակցաբար կամ չմտածված կերպով, փորձում էին ցույց տալ, որ պատրաստ են պայքարի մեջ մտնել իշխանությունների հետ և հաստատել «արդարություն»:

Ի վերջո ակնհայտ դարձավ, որ շատերն իրենց պայքարի մղման իրական նպատակն էին հռչակել սեփական անձի, կուսակցության շահերի տեսանկյունից առավելագույն օգուտը քաղելու սկզբունքը: Միևնույն ժամանակ չի կարելի բացառել նաև, որ որոշ քաղ. լիդերներ, այդուհանդերձ, իրենց առաջընթացը պայմանավորում էին ժողովրդի կողմից իր անձի նկատմամբ ունեցած համակրանքի ու հարգանքի հանգամանքով և ձգտում էին հաշվետու լինել նույն այդ ժողովրդին հենց դրա դիմաց:

Երբ խոսքը գնում է ԲՀԿ-առաջնորդ Գ.Ծառուկյանի մասին, դժվար է ժխտել, որ վերջինս զգալի աջակցություն ունի հասարակության կողմից: Ի վերջո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին ստացած ձայների համար պարտական է հենց իր քաղաքական ղեկավարին: Եվ այն համակիրները, որոնք պատրաստ էին Ծառուկյանի կողքին կանգնելու և պայքարելու, կարծում եմ, անկախ իրավիճակից, շարունակելու են հավատարիմ մնալ իրենց սկզբունքին:

Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի որոշմանը, որով վերջինս ևս հրաժարվում է առճակատման գնալ իշխանությունների հետ, իր ձևի և բովանդակույան առումով, ևս ողջունելի է, թեև նման դիրքորոշման որդեգրումն ավելի մարտավարական քայլ է հիշեցնում, ինչը խոսում է այն մասին, որ առաջին նախագահը փորձ է անում չհայտնվել պարտվողի և նահանջողի դերում:

Ժառանգության ղեկավար Ր. Հովհաննիսյանը, կարելի է ասել, իր իմիջն ու ոճը չի կորցրել և ձգտում է հավատարիմ մնալ իր քայլերի հաջորդականությանը. մասնավորապես՝ Րաֆֆին պատրաստակամություն է հայտնել ընթանալ առաջ և հասնել սահմանված նպատակին՝ իշխանափոխության: Ներկա շրջափուլում, սակայն, նրա շանսերը նվազագույնի են հասցված: Ուստի Ժառանգության առաջնորդը դեռ կփորձի կրկին վերլուծել ստեղծված իրավիճակը:

Անհասկանալի է մնում, թե մոտ ապագայում ինչ է լինելու և ինչ քաղաքականությամբ են գործելու վերը նշված երեք քաղաքական ուժերը: Եթե դատելու լինենք վերջին իրադարձություններից, ապա նախ պետք է արձանագրել, որ, ըստ էության, մեծ բռնկումից հետո տեղի ունեցավ որոշակի դադար: Իրականում նշված իրավիճակը ձեռնտու է բոլորին, այն առումով, որ քաղաքական հարթակում հանդես եկող ուժերը լավ հնարավորություն ունեն նորովի գնահատելու իրավիճակը և փորձելու զանազանել առաջնայինն ու անհրաժեշտը երկրորդականից:

Ընդհանուր առմամբ, թե՛ հասարակությունը և թե՛ քաղաքական դաշտի խաղացողները քաջ գիտակցում են, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, երբ ողջ միջազգային հանրության ուշադրությունը սեևռված է մեր երկրի և այնտեղ կատավող իրադարձությունների վրա, ապա նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրում է բավական լարված իրավիճակ, անհրաժեշտ է ստեղծել հանդուրժողականության և միասնականության մթնոլորտ, որտեղ տեղ ունեն միայն սթափ մտածողությունն ու մեր հայրենիքի, մեր պետության անկախությանն ու պետականության մասին հոգ տանելու գաղափարախոսությունը:


Հայկ Համբարձումյան


Նույն շարքից