Ֆեյսբուք 

Ո՞Վ Է «ՄԻՍՏՐ ԱՆՈՆԻՄՈՒՍ» ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ

analitik.am

Սարգիս Բալայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ո՞Վ Է «ՄԻՍՏՐ ԱՆՈՆԻՄՈՒՍ» ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ

Ժիրայր Սեֆիլյանի կերպարի կտրուկ անկումը կապված էր ոչ միայն «Հիմնադիր խորհրդարանի» ապազգային գործունեության, այլ նաև այն հանգամանքի հետ, թե ինչ մարդկանց է Սեֆիլյանը հավաքել իր շուրջը: Եվ այդ մարդկանցից ամենաակնառուներից մեկը Կարո Եղնուկյանն է: Իր վերջին ասուլիսում Սեֆիլյանը խոսելով իր կողմից առաջարկվող՝ ժամանակավոր կառավարության մասին, ասել էր, որ դրա անդամները քաղաքականապես մաքուր անցյալ ունեցող մարդիկ են: Հիմա անդրադառնանք Եղնուկյանի անցյալին ու ներկային` փորձենք հասկանալ, թե այդ ինչ «մաքուր» անցյալով է Սեֆիլյանն այդքան հիացած:



Նախ, Եղնուկյանի անունը լսելուց շատերը միանգամից ակնարկում են նրա յուրահատուկ բեղ-մորուքը, իսկ հետաքրքիր է՝ այդ մարդիկ գիտե՞ն, թե երբվանից է Եղնուկյանն այդպիսի բեղ-մորուք պահում, ինչ նպատակով և ում է դրանով նմանակում: Բանն այն է, որ Կարո Եղնուկյանը մինչ քաղաքականություն մտնելն էլ է բեղ-մորուք ունեցել, պարզապես բոլորովին այլ ոճի մեջ, այնպիսին, ինչպիսին ունի օրինակ Պարույր Հայրիկյանը: Իսկ քաղաքականություն մտնելուց հետո Եղնուկյանն անմիջապես փոխել է իր արտաքինը՝ ստեղծելով իր համար նոր իմիջ և իր նոր բեղ-մորուքով փորձելով նմանվել հայտնի «Անոնիմուսին»: Տեղեկություններ կան, որ նեղ շրջանակներում Եղնուկյանին հենց այդպես էլ անվանել են՝ «Միստր Անոնիմուս»:



Իսկ «Միստր Անոնիմուսը», մինչև այդ հեղափոխական կերպարի մեջ մտնելը, բավականին հետաքրքիր անցյալ է ունեցել. պարզվում է, որ որպես սփյուռքահայ հանդես եկող Եղնուկյանն ի սկզբանե ապրել է Հայաստանում, սակայն 1970-ական թվականներին, երբ Բաքվում ազգային խտրականության դրսևորումներից դժգոհ հայերն արդեն կամաց-կամաց տեղափոխվում էին Խորհրդային Հայաստան, Եղնուկյանի մոտ հակառակ երևույթն էր՝ նա ընտանիքով Երևանից մեկնել է Բաքու, որտեղ որոշ ժամանակ ապրելուց հետո տեղափոխվել է Բեյրութ: Այստեղ էլ կարճ ժամանակով հանգրվանելուց հետո Եղնուկյանն ընտանիքով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաք, որտեղ հետագայում բիզնեսներ է հիմնել, փող աշխատել և արդեն միայն վերջին տարիներին որպես սփյուռքահայ, ընդդդիմադիր-հեղափոխական-ակտիվիստ՝ իր «Անոնիմուսի» բեղ-մորուքով, վերադարձել է Հայաստան և մտել քաղաքականություն:



Նաև հայտնի է, որ մինչև ՀՀ վերադառնալը Կ.Եղնուկյանն առնչություն է ունեցել ԱՄՆ-ում գործող «Հայաստանի քաղաքական ֆորում» կոչվող անհասկանալի կառույցի հետ, բացի այդ` նա հանդիսանում է մասոնական «Ռոտարի» ակումբի քարտուղարը:



Եվ ահա այսպիսի բուռն անցյալ ունեցող «Միստր Անոնիմուսը» հայտնվում է Հայաստանի քաղաքական դաշտում, ընդ որում` ընդգծված ու մոլեռանդ արևմտամետների, ԱՄՆ ԿՀՎ-ի պոտենցիալ գործակալների կողքին: 2013թ. նա դարձավ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի պետը, միաժամանակ նաև՝ «Նախախորհրդարանի», այնուհետև՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ: Այժմ Կարո Եղնուկյանը հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» Ներքին գործերի հանձնաժողովի նախագահը, ասել է թե` մեր ապագա ոստիկանապետն է: 



Կ.Եղնուկյանն անձամբ Հայրիկյանից կամ Սեֆիլյանից ֆինանսական շահեր չի կարող ունենալ, քանի որ նա ոչ թե գումար է ակնկալում վերջիններիցս, այլ ընդհակառակը՝ միայն ծախսում է նրանց վրա: Օրինակ, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայիս գրասենյակը հենց Եղնուկյանի սեփականությունը հանդիսացող տարածք է, որը նա հավանաբար տրամադրում է անվճար, չնայած կարող էր այն հանձնել վարձակալության և եկամուտ ստանալ: Եվ հետաքրքիր է, եթե Եղնուկյանն իր այդ տարօրինակ կերպարով եկավ, մտավ քաղաքական դաշտ և սկսեց ծախսել սեփական միջոցները, ապա ո՞րն է նրա իրական նպատակը: Բոլորս էլ հասկանում ենք, որ հենց այնպես ծախսեր չեն արվում, և եթե որևէ մեկը որևէ գործում ֆինանսական ներդրում է անում, ապա սպասելիքներ ու շահեր ունի, որոնք պարտադիր չէ, որ լինեն ֆինանսական, սակայն կարող են լինել շատ ավելի խոշոր ու կարևոր, քան իր կատարած ներդրումները:



Այնպես որ, պատահական ոչինչ չի լինում: Պատահական չէ նաև «Միստր Անոնիմուսի» բեղ-մորուքը:

Նույն շարքից