Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանի պետպարտքը մարտին նվազել է

analitik.am

Այս տարվա մարտի 31-ի տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրլն  883 մլրդ  092.1 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 4,56 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած նախնական տվյալների՝ պետպարտքը փետրվարի համեմատ նվազել է ավելի քան 22 մլն  դրամով, իսկ 2013-ի դեկտեմբերի համեմատ՝ աճել շուրջ 21 մլն 800 հազ. դրամով:

 

Մարտի դրությամբ Հայաստանի համախառն պետպարտքի 85%-ը կազմել է արտաքին պարտքը (1 մլրդ 596 մլն 895.6 դրամ), մնացածը՝  ներքին պարտքը (286 մլն 196.4 դրամ):  Փետրվարի համեմատ  նվազել է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պետպարտքը: Իսկ 2013 տարեվերջի համեմատ պատկերն այլ է՝ երկուսն էլ աճել են:

 

 

Արտաքին պարտքի գերակշիռ մասը կազմել է ՀՀ կառավարության պարտքը: Իսկ ՀՀ կենտրոնական բանկին բաժին է ընկել արտաքին պարտքի 206 մլն 174.1 դրամը:

 

Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրլն 861 մլրդ 265.9 մլն ՀՀ դրամ: Ըստ հաշվարկների՝ սա կազմում է 2013 թվականի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 44 %-ը:

 

Վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը փաստում է` Հայաստանի պետպարտքը անշեղորեն աճում է: Եթե վերցնենք վերջին տարիների տվյալներն (դեկտեմբերի 31-ի դրությամբ), ապա կունենանք հետևյալ պատկերը.

 

2008 թվական՝ 584.6 մլրդ դրամ

 

2009 թվական՝ 1 տրլն 592.7 մլրդ  դրամ

 

2010 թվական՝ 1 տրլն 382.9 մլրդ դրամ

 

2011 թվական՝ 1 տրլն 595 մլրդ դրամ

 

2012 թվական՝ 1 տրլն  764.5 մլրդ  դրամ

 

2013 թվական՝ 1 տրլն 861 մլրդ 265.9 մլն

 

Անկախ հետազոտող, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մագիստրոս Արտակ Քյուրումյանի համոզմամբ՝ Հայաստանը սկսել է պետական պարտքի հետ կապված խնդիրներ ունենալ, երբ սկսել է ոչ արտոնյալ պայմաններով վարկեր վերցնել: Ըստ նրա՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերը քիչ հասանելի են դարձել, երբ ՀՀ-ն դասվել է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին:

 

Տնտեսագետների մի մասն էլ վստահեցնում են, որ պետական պարտքը սկսել է աճել նաև ազգային արժույթի արժեզրկման պատճառով:

 

Սեդա Հերգնյան

Նույն շարքից