Բիզնես Վերլուծական Տնտեսություն 

Սուպերմարկետների վիճակը Երևանում. ՍԱՍ

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնը ուսումնասիրությունների շարք է սկսել բիզնես հատվածում գործող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված թերությունների վերհանման, ինչպես նաև առավելությունների խրախուսման նպատակով: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց միջոցները ծախսելու դեպքում համոզված լինել, որ ստանում են կամ ստանալու են համարժեք ծառայություն կամ ապրանքներ:

 

 

«Անալիտիկ» կենտրոնը երկարատև ժամանակ փորձեց պարզել Երևանում գործող սուպերմարկետների գործունեության արդյունավետություն, ինչի նպատակով analitik.am կայքում դրվել էր հարցում՝ ո՞րն է լավագույն սուպերմարկետը վերնագրով:

 

 

Հարցման արդյունքներն ամփոփվեցին 21.05.2014թ.-ին:

 

ՍԱՍ սուպերմարկետը 4-րդ տեղում էր 8427 ձայնով:

 

Ստորև ներկայացնում ենք ՍԱՍ սուպերմարկետի վերաբերյալ  խմբագրություն եկած  նամակներից մի քանիսի  բովանդակությունը:

 

«Ամիրյան փողոցի վրա գտնվող ՍԱՍ սուպերմարկետի սպասարկման որակն ուղղակի ահավոր է, միշտ կասաներից որևէ մեկը չի գործում, ինչի պատճառով ահավոր հերթեր են  գոյանում: Ամեն անգամ ժամանակ ես ծախսում, ընտրում քեզ անհրաժեշտ ապրանքները, ինչից հետո պարզվում է, որ կասաներից մեկը չի աշխատում, ու ստիպված ես կամ երկար սպասել տոթ, նեղ ու խցկված պայմաններում կամ էլ թողնել զամբյուղն ու գնալ այլ խանութ: Սուպերմարկետ կոչվածն իրավունք չունի նման պայմաններում աշխատել, առավել ևս Սաս-ը, որտեղ գները  մնացած սուպերմարկետների համեմատ անհամեմատ բարձր են, ուստի նրանք  պետք է համապատասխան սպասարկման որակ ապահովեն, այլ ոչ թե մարդկանց անհարմարություններ պատճառեն»:

 

Մ. Ոսկանյան

 

 

«Արդեն մի քանի անգամ է ՍԱՍ-ից աղցան եմ գնում, որը թթված է: Այնպես է ստացվել, որ աշխատավայրիս միակ մոտ խանութը դա է, ինչի պատճառով ստիպված եմ  ընդմիջման համար ՍԱՍ-ից  գնումներ կատարել: Զգուշացրել եմ, որ թթված և հին են լինում իրենց աղցանները, ասացին, որ երևի մի օր առաջվա է եղել, բայց ի՞նչ է նշանակում վաճառել մի բան, ինչը կարող է արդեն հնացած լինել: Մնացած ապրանքները նորմալ են, բայց աղցանները շատ դեպքերում կամ թթված են կամ էլ մթերքները հին են լինում: Կուզենայի, որ դա կարգավորվեր, քանի որ ես մշտական հաճախորդ եմ, բայց եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեմ այլ խանութներից օգտվել»:

 

 

Գ. Վարդանյան

 

 

 

«Նորմալ սուպերմարկետ է, համարյա միշտ այդտեղից եմ գնումներ կատարում, ճիշտ է համեմատաբար ավելի թանկ է, թերություններ էլ կան, բայց ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում ՍԱՍ-ին, աշխատակիցներն էլ  ուղղակի գեղեցկուհիներ են»: 

  

Ա. Կարապետյան

 

 

 

«Ես երկար ժամանակ միայն ՍԱՍ-ից էի գնումներ կատարում, բայց երբ նկատեցի, որ այդ սուպերմարկետ կոչվածում գների հարցում մարդկանց բառիս բուն իմաստով խաբում են, հետո էլ ասում, որ շփոթմունք է եղել, դադարեցի գնումներ կատարել այդտեղից: Վերցնում ես ապրանքը, որի գինը գրված է 450 դրամ, մոտենում ես, որ վճարես, պարզվում է, որ ապրանքի գինը 1600 դրամ է, հետո ասում են, թե շփոթմունք է, խառնել են ապրանքների տեղերը: Ես դա նկատեցի, երբ գնումներ կատարելուց հետո հասկացա, որ ընթացքում իմ հաշված գումարից վերջնական գումարը բավականին տարբերվում է: Շատ գնումներ անելու դեպքում չես նկատում, մտածում ես, թե սխալ ես հաշվել, դրա համար ես գնումներ կատարելիս ինձ մոտ մի քանի անգամ նշում էի, թե ինչ եմ վերցրել և ինչքան է այդ ապրանքի գինը, և երբ մոտենում էի վճարելու, պարզվում էր, որ վերցրածս ապրանքներից առնվազն երկուսը միշտ ավելի թանկ գին էին ունենում, քան գրված էր: Որպես կանոն մենեջերը ներողություն էր խնդրում շփոթմունքի համար, բայց մի անգամ կարելի է ներողություն խնդրել, իսկ եթե շփոթմունքն արդեն գործելաոճ է, ապա կներեք, ես չեմ ուզում, որ ինձ խաբելով վաճառեն իրենց ապրանքները: Այդ մի քանի դեպքից հետո, ես այլևս ՍԱՍ-ից գնումներ չեմ կատարում»:


Լ. Ավետիսյան



Երևան Սիթի


Նույն շարքից