Վերլուծական Տնտեսություն 

Ոչխարի բուրդը կուտակելու փոխարեն կարող ենք դրանով զինվորների համար ներքնակներ կարել

analitik.am

Արդեն քանի տարի է՝ հայ գյուղացիները կուտակում են տոննաներով ոչխարի բուրդ, բայց չեն կարողանում դա իրացնել: Թեև այս հարցը պարբերաբար հնչում է և ներկայացվում պատկան մարմիններին, սակայն լուծում չի ստանում: Analitik.am-ի հետ այս թեմայի շուրջ զրույցում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր Հայաստանում կուտակվել է ավելի քան 4 հազ. տոննա ոչխարի բուրդ և գյուղացիներն այն չեն կարողանում իրացնել:


«Մեր գլխավոր մտահոգություն այն է, որ տարեցտարի կուտակված բրդի քանակը մեծանում է, բայց գյուղացին չգիտի՝ ինչպես և որտեղ իրացնել այն: Պարզ հաշվարկ է՝ ՀՀ-ում ներկայում կա մոտ 500-600 հազ. ոչխար: Յուրաքանչյուրից տարեկան ստացվում է շուրջ 2 կգ բուրդ է ստացվում: Ստացվում է, որ տարեկան կուտակվում է ևս հազար տոննա բուրդ»,- ասաց Վ. Սաֆարյանը:


Ինչպե՞ս կարելի է օգտագործել կուտակված բուրդը: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն առաջարկում է մշակել և Կառավարության ուշադրության կենտրոնում պահել բրդի մշակման և իրացման հարցը:


«Այդ բրդից կարելի է թել մանել, դրանով խալի, կարպետ և այլն գործել: Բացի դա, բրդից կարելի է նաև ներքնակներ պատրաստել, ինչպես մենք արել ենք դարեր շարունակ: Այդ ներքանակները կարելի է զինվորներին տալ, ՆԳՆ ծառայողներին: Բայց ի՞նչ ենք անում մենք. Բերում ենք մի քիչ էժան թուրքական ներքնակներ, որի մեջ չգիտես էլ, թե ինչ է լցված և հայտնի էլ չէ, թե դա մարդու օրգանիզմի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, և տրամադրում ենք մեր զինվորներին: Իսկ մենք միշտ բրդյա դոշակի վրա ենք քնել: Այսինքն՝ մեր կառավարությունը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերի այդ հարցին, որ բուրդն իրացվի և ոչ թե պարսկական կամ թուրքական ներքնակներ ներմուծենք: Դրանք պետք է հատուկ ծրագրեր լինեն»,- համոզված է Վ. Սաֆարյանը:


Մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում պատրաստվում են հիմնել բրդի վերամշակման արտադրամաս, որը նախատեսված կլինի բրդի լվացման, վերամշակման, թելերի ներկման, գորգերի արտադրության համար: Եթե նշված արտադրամասը բացվի, այն ոչ միայն կթեթևացնի հանրապետությունում կուտակված և չմշակված ոչխարի բրդի ընդհանուր ծավալը, այլև՝ նոր աշխատատեղեր կբացվեն:


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի համոզմամբ՝ այս դեպքում մի քանի տասնյակ մարդ աշխատանք կունենա:


Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական տվյալների համաձայն 2012 թվականին Հայաստան է ներմուծվել 24.9 տոննա ոչխարի բուրդ, կենդանիների կոպիտ և նուրբ բուրդ, մանվածք և գործվածք ձիու մազից, որից 1.1 տոննան՝ մազաբրդից մանվածք (ոչ վաճառքի համար), 7.7 տոննան՝ բրդյա մանվածքից մեքենագործ գործվածք, 16.1 տոննան՝ սանդերքագզված բրդյա մանվածքից գործվածք: 

2013 թվականի տվյալները դեռևս պատրաստ չեն:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից