Միջազգային վճարային Visa համակարգը երկու օր առաջ հայտարարեց, որ չի բացառում ռուսական շուկայից հեռանալու հնարավորությունը: Visa-ն, որն ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է ռուսական մի շարք բանկերի քարտերի սպասարկումը, անընդունելի է համարում «Ազգային վճարային համակարգի մասին» ռուսական օրենքում գոյություն ունեցող ապահովագրական ներդրման մասին պահանջը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ազգային վճարային համակարգի» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որը ենթադրում է ստեղծել անկախ Ազգային վճարային համակարգ: Նախատեսվում է, որ համակարգը սպասարկելու է Ռուսաստանի ներսում, և այն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից: «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքում գոյություն ունեցող այդ պահանջի շուրջ Visa-ի դիրքորոշումը չի փոխվել, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Visa միջազգային վճարային համակարգը համարում է, որ ՌԴ նախագահի կողմից` ազգային վճարային համակարգի վերաբերյալ ստորագրած հրամանագրում կան դրույթներ, որոնք բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանում քարտատերերի, ֆինանսական ինստիտուտների և առևտրային ընկերությունների վրա: Ընդ որում՝ Visa-ն միաժամանակ նաև հայտարարել է, որ ակտիվորեն աշխատում է ռուսական կառավարության հետ՝ նպատակ ունենալով փոխշահավետ լուծում գտնել օրենքի փոփոխության հարցում:
Ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ բանկային քարտերին հասան այս տարվա մարտի երկրորդ կեսին: Առաջին հարվածը «Ռոսիա» բանկը ստացավ, երբ ամերիկյան վճարային Visa և MasterCard համակարգերն առանց զգուշացնելու արգելափակեցին նշված բանկի հաճախորդների քարտերն անկանխիկ գործարքների համար: Ռուսական մամուլը հայտարարեց, թե պատճառն այն է, որ այդ բանկի սեփականատերերից է Պուտինի մտերիմ Յուրի Կովալչուկը:
Թե այդ ժամանակ, թե այսօր ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է անջատողականներին «վտանգավոր եղանակներով» օժանդակելու, Ուկրաինայի տարածք տանկեր ու հրթիռային համակարգեր ուղարկելու համար: Ռուսաստանն էլ իր հերթին հերքում է այս տեղեկությունները:
Այն փաստը, որ ռուսաստանյան բանկերը տուժեցին Visa և MasterCard-ի պատճառով, ընդունեցին հենց այդ բանկերը: Եվ հիմա էլ կարող են տուժել: Պատճառն այն է, որ ռուսական բանկերը չունեն ընդհանուր վճարային համակարգ, որի շրջանակում կթողարկեն և հենց այդ շրջանակում էլ կսպասարկեն պլաստիկ քարտերը: Փոխարենը ռուսաստանյան բանկերը դա անում են ինքնուրույն՝ աշխատելով անմիջապես միջազգային Visa և MasterCard-ի հետ: Ի՞նչ է ստացվում. ռուսաստանյան մեկ բանկի թողարկած քարտով մեկ այլ բանկի սպասարկման կետում գործարնքներն իրականացվում են Visa-ի կամ MasterCard-ի միջոցով: Հենց սրա պատճառով էլ Ռուսաստանը մտադիր է ազգային վճարային համակարգ ստեղծել:
Նշենք, որ ներկայում ռուսաստանցիների բանկային քարտերի 61%-ը սպասարկվում է միջազգային վճարային Visa և 31%-ը՝ MasterCard համակարգերում:
Իսկ կազդի արդյոք Visa-ի՝ ռուսական շուկայից դուրս գալը Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալի վրա: Նախ նշենք, որ ի տարբերություն Ռուսասատանի, Հայաստանն ունի ազգային վճարային համակարգ: Դա «ԱրՔա» («Արմենիան Քարդ») ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնն է: Այն, ըստ էության, թույլ է տալիս խուսափել այնպիսի իրավիճակներին, ինչպիսին եղավ Ռուսաստանում մարտին, երբ Visa և MasterCard համակարգերն արգելափակեցին «Ռոսիա» բանկի հաճախորդների քարտերն անկանխիկ գործարքների համար:
«ԱրՔա»-ն, ինչպես ՀՀ կենտրոնական բանկն է փաստում, հանդիսանում է.
• MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ և պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Member Service Provider)
• VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor)
• American Express համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor):
Այսինքն՝ Հայաստանի դեպքում մեկ բանկի թողարկած քարտով մեկ այլ բանկի սպասարկման կետում գործարնքներն անցնում են «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնում և դուրս չեն գալիս նշված կենտրոնի շրջանակներից: Եվ հետո, Visa-ի՝ ռուսական շուկայից դուրս գալը Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների վրա չի ազդի, քանի որ Visa-ի միջոցով կատարվող գործարքները շատ քիչ են` 0,1 % էլ չեն կազմում: Ռուսաստանից Հայաստան գումարները փոխանցվում են հիմնական դրամական փոխանցումների ընկերությունների միջոցով, օրինակ՝ «MONEYGRAM»-ի:
Հավելենք, որ Հայաստանում թողարկված պլաստիկ քարտերի թիվն, ըստ «ԱրՔա»-ի, այսօրվա դրությամբ հասնում է 1,5 մլն-ի, որի մոտ կեսը միջազգային է: Ի դեպ, երևում է, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումն արդեն հետք է թողել ՌԴ-ից Հայաստան կատարվող տրանսֆերտների վրա: Այս տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 595 հազար դոլարով և կազմել 109 մլն 4000 դոլար: