Բիզնես Վերլուծական Տնտեսություն 

ՀՀ-ում գործող բանկերի թերությունները. Արդշինինվեստ բանկ

Հայկական որոշ բանկեր այդպես էլ չսովորեցին հաճախորդներին գրագետ և մասնագիտորեն սպասարկել: www.analitik.am-ը, ինչպես խոստացել էր,  ուսումնասիրելու է բանկերի գործունեությունը, ինչպես նաև հասարակության շրջանում կարծիքներ է հավաքագրելու ՀՀ-ում գործող բանկերի սպասարկման որակի վերաբերյալ:

 

ՀՀ-ում գործում է 21 բանկ, որոնք բոլորն էլ ունեն մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:  Բանկերի գործունեության վերաբերյալ ամենահետաքրքիր փաստն այն է, որ յուրաքանչյուր բանկի  մասնաճյուղերը տարբերվում են միմյանցից սպասարկման որակով, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությամբ և այլն: Եթե որևէ հաճախորդ դժգոհում է մի մասնաճյուղում մեկ այլ մասնաճյուղի սխալից, ապա բանկի աշխատակիցներն ասում են, որ դա կապ չունի իրենց հետ: Ի՞նչ է ստացվում, որ բանկը որպես ամբողջական  կազմակերպություն, տեղյակ չէ՞, թե իր այս  կամ այն մասնաճյուղում ինչ վիճակ է, իսկ մասնաճյուղն էլ իր հերթին մի՞թե պատասխանատու չէ տվյալ բանկի սխալի դեպքում՝ էական չէ, թե որ մասնաճյուղում է սխալը տեղի ունեցել: Զուտ մարդկային տեսանկյունից կարելի է հասկանալ նման մոտեցումը, երբ մի մասնաճյուղը պատասխանատու չէ նույն բանկի մեկ այլ մասնաճյուղի վատ սպասարկման կամ սխալի համար, բայց բանկը ոչ մի դեպքում մարդկայնորեն չի հասկանում ոչ մեկին՝ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է վարկերի մարմանը:


 

Բազմաթիվ մարդիկ բանկի աշխատակիցների սխալի պատճառով դասակարգվել են և այլևս չեն կարողանում վարկեր ստանալ, բայց չեն էլ կարողանում ապացուցել, որ բանկի աշխատակիցն է սխալ, քանզի բոլորը չէ, որ պարտավոր են համապատասխան գիտելիքներ ունենալ և բանկի աշխատակցին հուշել, թե ինչ անի, որ սխալ չլինի:


Սա մի թեթև և մակերեսային անդրադարձ բանկերի սպասարկման որակի սխալներին, որոնք բազմաթիվ են և ավելի խորը: Հետագայում ավելի մասնագիտական անդրադարձ կկատարվի:


Այժմ անցնենք  առանձին բանկերին: Այս հոդվածում անդրադարձ է կատարվելու բավականին զգալի թվով մարդկանց կարծիքով ամենախնդրահարույց բանկին՝ Արդշինինվեստ բանկին:


Մեր կողմից արձանագրած թերություններն  են.


  • Աշխատակիցների ոչ բավարար  մասնագիտական պատրաստ-վածություն, անփութություն, անուշադրություն,

  • Չափից շատ դանդաղ աշխատելաոճ՝ յուրաքանչյուր այլ բանկում միևնույն գործարքը  կատարվում է  մի քանի անգամ ավելի արագ, քան Արդշինինվեստ բանկում,

  • Հաճախորդների կարծիքի բացարձակ անտեսում՝ այնպիսի տպավորություն է, որ այս բանկի հիմնական եկամուտը գոյանում է ոչ թե հաճախորդների գործարքներից, այլ բոլորովին ուրիշ մեխանիզմներով (գուցե և այդպես է): 

Սրանք այն հիմնական թերություններն են, որ արձանագրվել են մեր կողմից: Գործարքների, պայմանագրերի կետերի խախտումների և այլ թերությունները՝ մեր ընթերցողների կողմից ներկայացված փաստերի հետ միասին,  կհրապարակենք ավելի ուշ:


Ստորև ներկայացնում ենք Արդշինինվեստ բանկի հաճախորդներից մի քանիսի կարծիքները՝ հասկանալի պատճառներով անունները հորինված են.


«Ես ամեն անգամ Արդշինինվեստ բանկ գնալիս ստիպված եմ լինում մի ամբողջ օր նախատեսել՝ անգամ, եթե փոխանցման գործարք եմ կատարելու: Այդ բանկի պատճառով վատ վարկառու եմ դարձել, քանզի մուծումը կատարել եմ նշված օրը, բայց մի քանի օր անց է նստել հաշվի վրա: Ես վարկ ունեմ այդ բանկում, որը մարելուց հետո այլևս երբեք չեմ օգտվի Աշիբի ծառայություններից »:


Կ. Մուրադյան



«Այնպիսի տպավորություն է, որ այս բանկում անտեղյակ մարդիկ են աշխատում: Մի բան ես հարցնում աշխատակցից, հինգ հոգուց ճշտում է, հետո էլ պարզվում է, որ սխալ էր: Մի անգամ պետք է փոխանցում կատարեի, ասացին, որ դոլարային հաշիվ է, ուստի ես դրամը դոլար դարձրեցի, այնուհետև ասացին, որ այլ մասնաճյուղ գնամ, եթե շտապում եմ, քանզի հինգ հոգի կա սպասող մինչև ինձ, իսկ իրենց սպասարկման տեմպով, դա նշանակում է, որ ամեն հոգու համար պետք է 20 րոպե նախատեսել՝ 1 ժամ 40 րոպե փաստորեն պետք է սպասեի: Գնացի այլ մասնաճյուղ, այնտեղ էլ նորից 40 րոպե սպասելուց հետո պարզվեց, որ հաշիվը դրամային է, պետք է դոլարը դրամ դարձնեմ: Պատկերացնո՞ւմ եք: Եվ ինչն է ամենահետաքրքիրը, որ եթե այլ բանկերում դոլարի փոխարժեքը 405,5 է, ապա Արդշինինվեստում 404,5 է, իսկ առքն էլ 407 է, այսինքն ես մի անգամ տուժեցի դոլարը դրամ դարձնելուց և հակառակը, իսկ մի անգամ էլ փոխարժեքի չափից: Էլ ի՞նչ կարող եմ ասել ես այդ բանկի մասին »:


Լ. Հովսեփյան

 

Հաջորդ անգամ կանդրադառնանք Արդշինինվեստ բանկի առանձին մասնաճյուղերին, որից հետո արդեն կանդրադառնանք ցուցակով հաջորդ՝ Կոնվերս բանկին:

 

 

Նույն շարքից