Վերլուծական Տնտեսություն 

Հայկական օլիգարխիան ցնծության մեջ է. Ո՞վ արժեզրկեց դրամը

Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում դրամը կայուն կերպով, բայց եւ արագ տեմպերով արժեզրկվում է ամերիկյան դոլարի եւ եվրոյի համեմատ:

Օրինակ՝ նոյեմբերի 24-ին հայկական դրամն արժեզրկման ռեկորդ սահմանեց՝ բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասավ 435 դրամի: 1 օրվա մեջ դրամն արժեզրկվեց 4.07 %-ով: Ւսկ մինչ տարբեր փորձագետներ եւ տնտեսագետներ փորձում էին իրավիճակից դուրս գալու ելքեր նախանշել, հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Կենտրոնական բանկը: Սակայն նկատենք, որ ԿԲ-ի տարածած հայտարարությունը, ոչ այնքան պատասխաններ էր պարունակում, որքան լրացուցիչ հարցեր: «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկայում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում:

 

ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»,- ասվում էր ԿԲ հայտարարության մեջ:

Առաջին հայացքից հուսադրող հայտարարություն: Սակայն, միայն առաջին հայացքից: Ինչպես հայտնի է 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը (այդ ժամանակ կառավարությունը ղեկավարում էր Տ.Սարգսյանը), օգտագործելով տարբեր ամբիոններ՝ վստահեցնում էր, թե ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն չի ունենա, եւ որ այն շրջանցելու է նախկին ծովից ծով Հայաստանը: Իհարկե,  Տիգրան Սարգսյանի կանխատեսումները չիրականացան, եւ Հայաստանի տնտեսությունը մեղմ ասած հայտնվեց աղետալի վիճակում:

Ներկա զարգացումները վկայում են, որ երկրի տնտեսությունը շարունակում է գահավիժել անդունդը: Իրավիճակից դուրս գալու իրական ելքեր նախանշելու փոխարեն պատասխանատու այրերը զբաղված են հուսադրող հայտարարություններով: Այս շարքին է դասվում նաև Տիգրան Սարգսյանի իրավահաջորդը՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

 Վերջինս օրեր առաջ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դոլարի թանկացմանը եւ հայկական դրամի արժեզրկմանը, պնդել էր, թե այն դրական ազդեցություն կունենա գործարարների վրա: Ըստ երեւույթին գործարար ասելով Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել հայ օլիգարխներին, ովքեր, դեռ կշարունակեն «բարգավաճել»:

Հայկական դրամի արժեզրկումը, սակայն շարունակում է թողնել իր բացասական հետեւանքները: Դոլարի բարձրացմանը զուգահեռ բարձրանում են նաեւ ապրանքատեսակների եւ ծառայությունների գները, որոնց առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

 

Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից