Վերլուծական Տնտեսություն 

Հերթական «աչքալուսանքը» դեղորայքի հնարավոր թանկացումն է

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հերթական աչքալուսանքն է արել լրագրողներին՝ հայտարարելով, որ դոլարի արժևորման հետևանքով Հայաստանում կարող է թանկանալ նաև դեղորայքը: Նա նաև հուսադրել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի առաջին անհրաժեշտության դեղորայքի գները չթանկանան: Թե նախարարի համար կոնկրետ որ դեղերն են համարվում առաջին անհրաժեշտության՝ պարզ չէ:

 

Ըստ երևույթին, Ա. Մուրադյանը, նկատի է ունեցել ցավազրկող դեղորայքը, օրինակ՝ Аскофен-ը՝ գլխացավի համար: Պարոն նախարարը մոռացել է, կամ «մտքից թռել է», որ այսօր բնակչության շուրջ 55 տոկոսը սրտի անբավարարությունից է տառապում, այսինքն՝ ներկա դրությամբ մարդկանց համար առաջին անհրաժեշտություն են համարվում սրտի աշխատանքը, ճնշումը կարգավորող դեղորայքները, որոնք, ի դեպ, ներկրվում են եվրոպական երկրներից և բավականաչափ թանկ հաճույք են (իսկ թանկանալու դեպքում, բնականաբար, դրանց գներն ավելի կբարձրանան):

 

Մուրադյանը հավելել է, որ երեկվա տվյալներով թանկացում չի արձանագրվել. «Եթե լինեն լուրջ փոփոխություններ, չեմ բացառում, որ ինչպես մնացած ապրանքները, այնպես էլ դեղորայքը չթանկանան»,- ասել է նա:

 

Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից հետո նախօրեին մայրաքաղաքի բնակիչների շրջանում սկսված խուճապային իրավիճակը շարունակվում էր նաև այսօր: Դրա պատճառը դրամի արժեզրկմանը հաջորդած սպառողական ապրանքների թանկացումներն են: Որքան էլ տարբեր պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, «թե շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքներն այս կամ այն չափով թանկացել են: Սպասենք «բեթարին»:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից