Վերլուծական Տնտեսություն 

Ու՞մ հրաժարականն է հասունանում

Արտարժույթի շուկայում կրիտիկական իրավիճակ է։ Ամերիկյան մեկ դոլարի արժեքը դեկտեմբերի 16-ի դրությամբ 550, իսկ եվրոյինը 690 էր։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Ուղիղ մեկ ամիս առաջ դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։ Ստացվում է՝ 30 օրվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար 32.5 և 33.2%։ Տեղի ունեցածը մեկ բառով աղետ է։
Պետական մարմիններն այսօր հանդես եկան կցկտուր հայտարություններով: Նախ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Ավելին վարչապետը վստահերցրել էր, թե Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

 

Իսկ, թե ինչ ջանքեր է գործադրում Ջավադյանի ղեկավարած կառույցը, ըստ երևույթին՝ տեղյակ է միայն Հովիկ Աբրահամյանը: Կենտրոնական բանկը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում, այլ մատնված է պարապուրդի: Ստեղծաված խայտառակ իրավիճակը, սակայն, չի խանգարում ԿԲ նախագահին հանդես գալ ամպագոռգոռ հայտարարություններով: Եվ այսպես՝ Ջավադյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, թե ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների հնարավորություն ունի: Ջավադյանը բարձր տրամադրությամբ եւ իրենից գոհ՝ նաեւ վստահեցրել էր, որ գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են:

 

Պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունքը խոսում է այն մասին, որ նրանք իրականում որեւէ լծակ չունեն ազդելու իրավիճակի փոփոխության վրա: Ավելին ցանկություն էլ չունեն «պղտոր ջրում ձուկ որսացողներին» բռնել, հակառակ պարագայում՝ Ջավադյանն ու ԿԲ անդամները, ոչ թե տաքուկ կաբինետներում նստած իրավիճակի վեևաբերյալ գնահատական կհնչեցնեին, այլ գոնե ազնվություն կունային շրջել մի քանի բանկերում եւ հայտնի սուպերմարկետներում եւ միանգամայն պարզ կդառնար իրավիճակը: Այս ամենի փոխարեն Ջավադյանենք զբաղված են օդի մեջ կրակոցներ արձակելով: Հասարակության շրջանում տագնապ է, որն, իհարկե, արդարացված է:

 

Իսկ իշխանություններն ունեն պարտավորություն քաղաքացիների առաջ, և այստեղ ոչ թե նրանց բարի կամքի, մարդասիրության խնդիրն է՝ որ պետք է մեղմեն ժողովրդի շրջանում հասունացած տագնապը և հանգստացնեն մարդկանց, այլ հասարակությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը:

 

Հարկատուների հաշվին սնվող պետական չինովնիկը կոչված է աշխատելու սեփական ժողովրդի համար, իսկ եթե այդ ծանր ու պատասխանատու աշխատանքը կատարել չեն կարողանում, ապա կա ավելի հեշտ տարբերակ՝ հրաժարական ներկայացնել:

 

Երկրում արձանագրված ֆինանսատնտեսական ճգնաժամը, սակայն չի մտահոգում Սերժ Սարգսյանին: Վերջինս որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող զարգացումներին: Ի դեպ, Սերժ Սարգսյանի լռությունը ՀՀԿ-ական Շարմազանովը մեկնաբանել էր այսպես. «Ամեն հարցով չէ, որ նախագահը պետք է հանդես գա»:


Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից