Բիզնես Վերլուծական Տնտեսություն 

ՓՄՁ-ները դեռ տեղյակ չեն իրենց «գլխի գալիքից»

Այսօր ժամը 11-ից Կառավարության շենքի դիմաց «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ դուրս եկած ՓՄՁ ներկայացուցիչները բռունցքները սեղմած՝ «Պա-տաս-խան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ», «Ամոթ» գոչելով՝ սպասում էին ՓՄՁ-ների տաս հոգանոց պատվիրակությանը, որը բանակցությունների էր գնացել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մինչ «բունտ» անող առևտրականները կստանային վարչապետի պատասխանը, հավաքված բազմությանը միացան ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ և խոստացան երկուշաբթի օրը ԱԺ արտակարգ նիստ հրավիրել և բարձրացնել ժողովրդին հուզող հարցը և անպայման լուծում տալ. ««Բարգավաճ Հայաստանը»-ը ձեր կողքին է և միշտ սատարելու է ձեզ: Ձեր պահանջը արդար է. դուք՝ բոլորդ, ձեր աշխատատեղերում պետք է լինեիք այսօր, ոչ թե այստեղ : Մենք տեր ենք մեր ժողովրդին և մեր երկրին: Մենք ասում և անում ենք, մենք ձեզ սիրում ենք»,-շեշտեց պատգամավորներից մեկը:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ևս կարծում է, որ Կառավարությունը պետք է հանրային կարծիքը լսի, հաշվի նստի նրա հետ, սակայն պետք է նաև լսել, թե ինչ են առաջարկում իրենք՝ կառավարության անդամները: Ինչ վերաբերում է Վ. Սաֆարյանին, նա ասաց, որ կողմնակից է հաստատագրված վճարի կիրառմանը, փաստաթղթավորման գործընթացին:

 

Ինչևէ, ակցիայի մասնակիցները շարունակում էին սուլել և հայտարարել, որ կառավարությունն է ծառայելու ժողովրդին, ոչ թե ժողովուրդը կառավարությանը և պահանջում՝ Իջեք ներքև և ժողովրդին բացատրություն տվեք:

Վերջապես, վարչապետի մոտից դուրս եկան ՓՄՁ ներկայացուցիչները և տեղեկացրեցին, որ նա խոստացել է վերանայել օրենքը և կլինի այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում: Ներկայացուցչական խմբի անդամներն ասացին, որ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն ՝ փաստաթղթավորում անելու հնարավորություն ունեցող առևտրականներն ու ձեռներեցները կաշխատեն մեկ տոկոս տոկոսադրույքով, իսկ նրանք, ովքեր փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ ունեն՝ 3,5 տոկոսադրույքով:

Ի դեպ, վարչապետի հետ հանդիպման գնացած մարդիկ այնքան ոգևորված էին վերջինիս հետ շփումից, որ, ինչպես իրենք արտահայտվեցին՝ 100 տոկոսով վստահ են, որ նա բավարարելու է իրենց պահանջը:

 

Տեղեկացնենք, երկու օր հետո ՓՄՁ-ներից կազմված նույն ներկայացուցչական խումբը դարձյալ կհանդիպի Հովիկ Աբրահամյանի հետ և վերջնականապես կտեղեկանա «գլխի գալիքին»:

 

Հ.Գ. Մնում է հուսալ, որ այս դեպքում չի լինի նույն պատմությունը, ինչ եղավ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  դեպքում՝ այսինքն փոխվեց բառը, բայց ոչ իմաստը՝ արդյունքում հարցը չլուծվեց: Տեսնենք՝ այս դեպքում ինչ կլինի:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից