ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծ:
Ըստ այդմ, ՀՀ-ում ազգային փոքրամասնություններն են համարվում ասորիները, բելառուսները, գերմանացիները, եզդիները, լեհերը, հրեաները, հույները, ռուսները, վրացիները, ուկրաինացիները, քրդերը։ Օրենքով արգելվում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմուքնի դրսևորումը:
Ըստ օրենքի նախագծի, այն համայնքներում, որտեղ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք կազմում են բնակչության առնվազն հիսուն տոկոսը, որպես տեղական ինքնակառավարման մարմինների հետ բանավոր հաղորդակցվելու լեզու կարող է օգտագործվել նաև ազգային փոքրամասնության լեզուն։
ՀՀ-ն միջոցներ կհատկացնի ազգային պետություն չունեցող ազգային փոքրամասնությունների լեզուն և մշակույթը ուսուցանող դպրոցական ծրագրերի մշակման, դասագրքերի և այլ նյութերի հրատարակության համար:
Ազգային փոքրամասնությանը պատկանող է համարվում այն երեխան, ում ծնողներից առնվազն մեկը ազգային փոքրամասնությանը պատկանող անձ է
Ազգային փոքրամասնություններն ունեն իրավունք նշել իրենց ազգային և կրոնական տոները և պատմական տարեթվերը, մասնակցել իրենց ազգային ծիսակատարություններին, օգտագործել իրենց ազգային խորհրդանիշերը: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար ոչ աշխատանքային են համարվում նաև իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը տոնելու օրերը՝ ոչ ավելի, քան տարեկան երեք օր:
Օրենքով սահմանվելու են հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց լեզուներով հաղորդումների հեռարձակման կարգը և պայմանները։
Ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացմանը նպաստելու, իրավունքների իրականացման հետ կապված իրավիճակը և խնդիրները քննարկելու, խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելու և դիրքորոշում հայտնելու նպատակով Հանրային խորհրդին առընթեր կստեղծվի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ։