Իրավական 

Գևորգ Կոստանյանի և Դավիթ Հարությունյանի ջրերը կարծես թե մեկ առվով չեն գնում

ԱԺ-ում պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ մարտի 5-ին քննարկվեց քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Առաջարկվող փոփոխությունները մասնավորապես վերաբերում են կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն: Կառավարությունն առաջարկում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել, եթե վերջինս պարբերաբար խախտում է իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը:

Այսինքն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար գոյություն ունեցող հիմքերին փորձ է արվում գումարել ևս մեկը, սակայն դրա համար կա պարտադիր պայման՝ մեղադրանքով պահանջվող պատիժը պետք է գերազանցի մեկ տարին:

Առաջարկվող փոփոխությունը, սակայն, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նորընտիր նախագահ Գևորգ Կոստանյանի սրտով չէ: Վերջինիս խոսքերով, առաջարկվող փոփոխությունների արդյունքում մարդու նկատմամբ կարող է կալանքը որպես խափանման միջոց ընտրվել օրինակ քննիչի կանչից հետո չներկայանալու դեպքում, ինչը հակասում է եվրոպական կոնվենցիային:

Ապա Կոստանյանն առաջարկեց դեմ քվեարկել փոփոխություններին, որպեսզի կառավարությունն այն ետ տան ու փոփոխված վերադարձնից ԱԺ:

Առահասարակ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նորաթուխ նախագահի ջրերը Արդարադատության նախարարի ջրերի հետ, կարծես թե մեկ առվով չեն գնում:

Մինչ այս քննարկումն էլ Կոստանյանը նախատել էր կառավարությանը միանգամից մեծ թվով օրինագծեր ԱԺ տանելու համար՝ նշելով, որ այս անգամ զիջման է գնում, սակայն հաջորդ անգամ նման բան չի լինելու: Հարցերից մեկի քննարկման ժամանակ էլ Կոստանյանը խնդրեց Դավիթ Հարությունյանին չընդհատել իրեն և թողնել խոսքն ավարտել:

 

Նույն շարքից