Մոսկվայի Նիկուլինյան դատարանը քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) մեղավոր է ճանաչել՝ շորթման մեղադրանքով: Այս մասին տեղեկանում են Ինտերֆաքսից: Դատավճռի հրապարակումը սկսվել է այսօր: Դատավճռում նշվում է, որ Կալաշովը կազմակերպված հանցավոր խմբի հետ բռնություն գործադրելու միջոցով և սեփականություն հափշտակելու նպատակով կատարել է առանձնապես խոշոր չափի շորթում:
Դատարանը հաստատված է համարել այն, որ 2013-ին Կալաշովը Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահից հետո Ռուսաստանի քրեական աշխարհում ղեկավար դիրք է զբաղեցրել և հովանավորել է հանցավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց: Դատարանը մեղավոր է ճանաչել նաև Կալաշովի օգնական Անդրեյ Կոչույկովին (Իտալիանեց):
Դատավճռի հրապարակումը տևելու է երկու օր:
Ամբաստանյալի աթոռին են 12 հոգի՝ այդ թվում Կալաշովը:
Նշենք, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը պահանջել է Կալաշովին դատապարտել խիստ ռեժիմով 10 տարի ազատազրկման, ինչպես նաև բռնագանձել 700 հազար ռուբլի, Կոչայկովին՝ խիստ ռեժիմով 9,5 տարի ազատազրկում և 500 հազար ռուբլի բռնագանձում: Մյուս 10 ամբաստանյալների համար պահանջվել է 7,5-ից մինչև 9,5 տարի ազատազրկում: