Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը: Այսօր՝ մարտի 28-ին, տեղի ունեցած նիստի ժամանակ ներկայացվեցին գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ենթասպա Գագիկ Մկրտչյան մահացել է կրծքավանդակի և որովայնի շրջանում հրազենային գնդակային թափանցիկ և միջանցիկ վնասվածքից:
Ինչ վերաբերում է գնդապետ Արթուր Վանոյանին և ենթասպա Յուրի Տեփանոսյանին, ապա նրանց մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքից, այլ վնասվածքներ էլ են հայտնաբերվել:
Մասնավորապես Վանոյանի դեմքի և նախաբազկի ձախ հատվածում հայտնաբերվել են բութ առարկայով հասցված հարվածների հետքեր: Վանոյանի մարմնի վրա նաև քերծվածքներ են հայտնաբերվել:
Յուրի Տեփանոսյանի մասով ներկայացվեց, որ նա վնասվածք է ստացել նաև կրծքավանդակի հետին մակերեսին, որը պատճառվել է կենդանության օրոք: