Այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ օրեր առաջ 10 տարի 5 ամիս 2 օր ժամկետով ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի դեմ դավադրություն է պատրաստվում:
Հայրապետյանը նշեց, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննիչներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ Սեֆիլյանի վերջին խոսքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, ինչի մասին ինքը հայտնել է նաև հենց Սեֆիլյանին:
Դատական նիստի ժամանակ, որտեղ Սեֆիլյանի վերջին խոսքը ընթերցեց վերջինիս փաստաբան Արայիկ Պապիկյանը, խոսվում էր այն մասին, որ ժողովուրդը պետք է միավորվի և հասնի ցանկալի արդյունքին:
Հայրապետյանի խոսքերով, երբ Սեֆիլյանն իրենից իմացել է ելույթի մասով նյութեր նախապատրաստելու մասին ասել է, թե իշխանությունները ցանկանում են իրենց լռեցնել, ինչը, սակայն, հնարավոր չէ, և իշխանությունները շատ շուտով հոգին ավանդելու են:
Հայրապետյանը նաև նշեց, որ Սեֆիլյանի դատավճիռը պետք է կողմերին ուղարկվեր 5 օրվա ընթացքում, սակայն դա դեռ չի արվել, չնայած անցել է 3 շաբաթ:
Փաստաբանը հիշեցրեց այն մասին, որ դատական նիստի ժամանակ Սեֆիլյանին թույլ չեն տվել ընթերցել վերջին խոսքը և դա արել է փաստաբանը՝ հավելելով, թե սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանում հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչները չունեն խոսելու, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք: