Իրավական 

Արցախում զոհված զինծառայողը մահացել է ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ. Ծառայակիցը ձերբակալվել է

analitik.am

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից