Հին ժամանակներում առավելապես Հայկական լեռնաշխարհի երկրներում երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար ստեղծվեց լավաշը։ Գաղափարը կայանում էր նրանում, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամանակաընթացքում, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել, և այն չի փչանա։ Լավաշի չորանալուց հետո նրա վրա ցանում էին ջուր, և այն փափկում էր ու նորից դառնում օգտագործման ենթակա։ Այն պատրաստում են թոնրում:
Լավաշն առավելապես տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և կովկասյան ու արևելյան այլ երկրներում։
Պատրաստման եղանակը.
Ալյուրից, գոլ ջրից, խաշից (թթխմորից) և աղից լավաշ պատրաստելու համար խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար։ Խմորումն ավարտելուց հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի և գրտնակով բացում 3-4 մմ հաստության երկար և լայն թերթիկներով։ Լավաշ թխելիս, խմորի գունդը սկզբում գրտնակում են, հետո օդի մեջ, մի ձեռքից մյուսին գցելով, քաշում- ձգում- բացում են։ Թոնրատնից դուրս չբերված թարմ լավաշի բույրը արբեցուցիչ է։