Կառավարության դիմաց այսօր բազմամարդ է: Միաժամանակ մի քանի բողոքի ակցիա է կազմակերպվել: Արդեն հայտնել ենք այն մասին, որ ակցիա են անում ինչպես Ամուլսարի հանքավայրի աշխատողները, ովքեր պահանջում են չխոչընդոտել իրենց աշխատանքները, այնպես էլ հանքի շահագործման դեմ պայքարողները, ովքեր սպառնում են նույնիսկ զենք վերցնել և արյուն թափել:
Բացի վերոնշյալ խմբերից, այստեղ են նաև դատապարտյալների հարազատները, ովքեր համաներում են պահանջում իրենց բարեկամների համար: Ցույցի մասնակիցների խոսքերով, իշխանություններն իրենց ուզած մարդկանց ազատ են արձակել, իսկ շատ շատերը, ովքեր արժանի են ազատ արձակվելու, շարունակում են մնալ բանտերում:
Հավաքկված քաղաքացիներից մի կին էլ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է համաներմամբ դուրս եկել, և հիմա էլ պետք է համաներում լինի և ազատ արձակվեն նրանք, ովքեր արժանի են:
Կան քաղաքացիներ էլ, որոնց խոսքերով, իրենց ազգականները, ովքեր բանտում են, առողջական խնդիրներ ունեն: Նրանց խոսքերով, դեմ չեն, որ վերջիններս կրեն իրենց պատիժը, բայց միայն բուժվելուց հետո:
Ցուցարարները նաև զերծ չեն մնում ծայրահեղ քայլերից: Հավաքվածներից մի կին քիչ առաջ հայտարարեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը կալանավորների հարազատներին չընդունի, իրենք հացադուլ կանեն և սպառնաց, որ իր՝ հաշմանդամություն ունեցող երեխայի հետ չի հեռանալու, քանի դեռ իրենց չեն ընդունել:
Այս պահին մի խումբ քաղաքացիներ, հետևելով վերոնշյալ կոչին, նստել են կառավարության մոտ և չեն հեռանում: