Ֆեյսբուք 

Մասիսի քաղաքապետի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հալածանք. Պաշտպան

analitik.am

«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ թողնելու վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը պաշտպանության կողմի համար անսպասելի էր: Խնդիրը այն բանում է, որ Դավիթին մեղսագրվում է երկու դեպք՝ զանգվածային անկարգություններ Էրեբունի փողոցում և խուլիգանություն Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում: Առաջին դրվագով նույն վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամիս առաջ փաստել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը, պարզ ասած որևէ ապացույց Դավիթի դեմ առկա չէ, իսկ երկրորդ դեպքով երկու անձի ցուցմունք կա, որոնք միանգամից հերքվեցին առերեսումների ժամանակ: Որևէ այլ ապացույց չկա գործով: Նման պայմաններում անձին կալանքի տակ թողնելը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, այլ սկսում է նմանվել քաղաքական հետապնդման: Վերջինում պաշտպանության կողմը համոզվում է ոչ այնքան վերաքննիչ դատարանի որոշման պատճառով, այլ մեզ հասնող չճշտված տեղեկություններով, որ որոշ պետական մարմիններ սպառնում են մասիսցիներին չմասնակցել ի պաշտպանություն իրենց քաղաքապետի դատարանի շենքի մոտ տեղի ունեցող ակցիաներին, ինչպես նաև, որ փողոց փակելու դեպքում բոլորով կենթարկվեն բերման և վարչական պատասխանատվության:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը արդեն վաղուց դուրս է քրեական գործի շահերի շրջանակներից և իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք: Եվ դա կարելի է հասկանալ, որովհետև ի դեմս Դավիթ Համբարձումյանի մենք ունենք ՀՀԿ-ական քաղաքապետ, որը ի զարմանս շատ շատերի, վայելում է Մասիս քաղաքի մեծ թվով բնակիչների վստահությունը և օժանդակությունը: Նման երևույթը երևի չի տեղավորվում արդի որոշ կարկառուն գործիչների պատկերացումների մեջ, ուստի տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք բոլորս:

Մենք՝ Դավիթի փաստաբաններս, շարունակելու ենք ձեռնարկել օրենքով չարգելված բոլոր քայլերը նրան ազատելու և արդարության հասնելու համար: Արդեն իսկ մենք ունենք որոշակի տեղեկություններ, թե ովքեր կարող են կազմակերպած լինեն Էրեբունու հարձակումը, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկների բախումը և հավատացեք, Դավիթի կամ նրա ընկերների անունները այդտեղ չկան: Զարմանալի է, թե ինչպես է, որ այդ տեղեկատվությունը հասու չէ իրավապահներին, իսկ եթե հասու է և չի դառնում քննության առարկա, ապա դա միայն հաստատում է մեր կարծիքը Դավիթի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը

Նույն շարքից