ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շատ ժամանակ անձինք փոխելով իրենց բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրով հաշվառվելու համար։ Արդյունքում մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեով։
Եթե ոստիկանության ծառայողների կողմից բնակարաններ այցելության ժամանակ հայտնաբերվեն նմանատիպ դեպքեր, բնակելի տարածության սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։
Անձնագրային ծառայությունը գրավոր հարցում կկատարի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում։
Եթե պարզվի, որ դիմումում նշված անձը չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք, կհանվի հաշվառումից»։