Ֆեյսբուք 

ՄԵԾԱՔԱՆԱԿ պատգամավորների կողմից նման երաշխավորություն տալու փաստն առնվազն առաջացնում է հարց. Արա Զոհրաբյան

«Վերջին շրջանում հանրությունն ականատես եղավ պատգամավորների կողմից անձնական երաշխավորությունը քրեական վարույթն իրականացնող մարմիններին ներկայացնելու գործընթացին:

Դա կատարվեց, ինչպես Սասնա Ծռերի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի և այլ անձանց գործերով:

Բնական է, որ պատգամավորը նույնպես իրավունք ունի գրավոր պարտավորվել այն մասին, որ իր խոսքով և վճարվող դրամական գումարով երաշխավորում է մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

ՄԵԾԱՔԱՆԱԿ պատգամավորների կողմից նման երաշխավորություն տալու փաստն առնվազն առաջացնում է հարց:

Գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, հստակ նշելով, որ՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ըստ Սահմանադրության մեկնաբանությունների՝ իշխանությունների բաժանման կառուցակարգային մոտեցումը պահանջում է, որ պետական միասնական իշխանության երեք թևերից յուրաքանչյուրն իրականացվի պետական ապարատի առանձին օղակների, առանձին մարմինների միջոցով, որոնք միմյանցից գտնվում են հարաբերականորեն անկախ և ինքնուրույն վիճակում: Դրա նպատակն այն է, որ այդ իշխանությունները չկենտրոնացվեն մեկ մարմնի ձեռքում կամ մեկը մյուսի նկատմամբ չունենա առավելություն, որը կարող է հանգեցնել պետական իշխանության չարաշահման:

Օրենսդիր մարմինն առանձնացված է գործադիրից, օրենքը սահմանողը չի զբաղվում դրա կիրառմամբ, իսկ գործադրողն էլ չի զբաղվում օրենսդրմամբ, այլ զբաղվում է միայն օրենքների կիրառմամբ: Այստեղից հետևում է, որ գործադիր իշխանության մարմինները չպետք է զբաղվեն օրենսդրմամբ կամ օրենքի ուժ ունեցող ակտերի ընդունմամբ:

Իշխանությունների կառուցակարգային բաժանումը պահանջում է նաև, որ օրենսդիրը ևս իրավունք չունենա միջամտել դատական իշխանության գործունեությանը:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԿԱՆԽՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏ:

Գործող ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Ազգային ժողովին լիազորել է ընտրել տաս անդամից կազմված բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորներին: Այսինքն, օրենսդիր իշխանությունը դատական իշխանության ձևավորման հարցում լուրջ մասնակցություն ունի:

Այս պայմաններում, երբ 105 պատգամավորից կազմված ՀՀ Ազգային ժողովի առնվազն 40 պատգամավոր երաշխավորություն է ներկայացնում, իրավական հարց է ծագում, արդյոք սա չի կարող համարվել, որպես դատական իշխանության նկատմամբ «ճնշման» դրսևորո՞ւմ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը

Նույն շարքից