Հասարակություն Բարի օր 

Փոխնախարարը խոստացել է օգնել մանկատան երեխաներին, սակայն հիմա նրանց զանգերին չի պատասխանում

Analitik.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Զատիկ» մանկատան երեխաների խնդիրը: Մեզ հետ զրույցում մանկատան սաներն ասել էին, որ իրենք հացադուլ են սկսել սեպտեմբերի 12-ից և պահանջում են այն բնակարանները, որոնք օրենքով պետք է տրամադրեին իրենց. «Հացադուլը շարունակել ենք 7 օր, որից հետո մեզ է մոտեցել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ՝ Արսեն Մանուկյանը: Նրա հետ զրուցելուց հետո որոշեցինք դադարեցնել հացադուլը, քանի որ նա խոստացավ լուծել մեր խնդիրը»:

Նշենք, որ մենք զրուցել էինք Արսեն Մանուկյանի հետ, ով նշել էր, որ զբաղվում է մանկատան երեխաների հարցերով:

Այսօր մենք զրուցեցինք  «Զատիկ» մանկատան երեխաների հետ, ովքեր ասացին, որ շատ վիրավորված են Արսեն Մանուկյանի ապատեղեկատվությունից. «Մենք շատ վիրավորված ենք Արսեն Մանուկյանի ապատեղեկատվությունից: Նա մեզ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարան էր խոսք տվել, արդեն 6 օր է անցել, բայց նա մեր զանգերին չի պատասխանում: Մանուկյանն ասել էր նաև, որ Դավիթը, ով երկար ժամանակ շատ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, այսօր դուրս է գրվելու և իր խոսքերով, նա միշտ կապի մեջ է եղել բժշկի հետ: Նման բան չկա, ոչ ոք չի հետաքրքրվել Դավիթի առողջությամբ, և նա էլ այն վիճակում չէ, որ դուրս գրվի հիվանդանոցից»,- ավելացրեցին մանկատան երեխաները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանի հետ չստացվեց  կապ հաստատել և պարզաբանում ստանալ: Ավելի ուշ կփորձենք ներկայացնել նաև վերջինիս պարզաբանումը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից