Հասարակություն 

Մարալիկում բողոքի ակցիա իրականացնող մասնակիցների հետ այս պահին բանակցում է ոստիկանությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարալիկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քաղաքապետարանի մուտքը երեկվանից փակ է: Ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք, աշխատանքները կաթվածահար վիճակում են: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ քաղաքացիներ պահանջում են հանրապետական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։

Analitik.am-ի հետ զրույցում Արտակ Գևորգյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը մնում է նույնը․ «Առավոտյան մենք փորձեցինք նաև մարզպետի հորդորով մտնել համայնքապետարան, բայց մուտքը փակ էր։ Փորձեցինք զրուցել ակցիայի մասնակիցների հետ, առաջարկեցի բարձրանալ համայնքապետարան, որպեսզի քննարկեինք, զրուցեինք, լսեինք, փորձ արեցինք նորից դուռը բացել, բայց իրենց կողմից հրմշտոց և քաշքշոց եղավ, նաև կոստյումս պատռվեց։ Ամեն դեպքում, այս պահին աշխատակազմը փորձում է այլ շենքում աշխատանքները կարգավորել։ Դիմել ենք համապատասխան մարմինների՝ ոստիկանություն, տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի օրենքով սահմանված կարգով և սահմանադրության շրջանակներում ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործընթացը, որովհետև չի կարող ընդամենը 20-30 հոգու պահանջով ձախովվել համայնքի և համայնքապետարանի աշխատանքները։ Ես գրավոր դիմել եմ թե տեղի ոստիկանությանը, թե ոստիկանապետին»։

Համայնքապետի խոսքերով, կան նաև համախոհներ, ովքեր օր օրի զանգերով, տարբեր պահանջներով փորձում են ասել, որ չի լինելու հրաժարական, քանի որ իրեն ընտրությունների ժամանակ շուրջ  տաս հազար մասնակցության պարագայում քվե է տվել չորս հազար ներկայացուցիչ։

Analitik.am-ը կապ հաստատեց նաև Ոստիկանության հետ՝ պարզելու համար, թե ինչ են պատրաստվում անել, որպեսզի վերականգնվի քաղաքապետարանի բնականոն աշխատանքն ու ապահովվի քաղաքապետի գործունեությունը։ Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ Մարալիկում այս պահին ոստիկանությունը բանակցում է ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի բացեն քաղաքապետարանի մուտքը։

Նույն շարքից