Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ես երբեք չեմ մտածել, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է հասնել չարության այս աստիճանի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչպես դա տեղի է ունենում հիմա: Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնատար անձ երբևիցե իրեն թույլ չի տվել արցախյան ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների նկատմամբ դրսևորել նման անհիմն հրապարակային գործողություններ:
Ո՞վ է Ձեզ թույլ տվել պարոն վարչապետի պաշտոնակատար, առաջնորդին ոչ վայել ձևով, արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին: Նման բան իրեն թույլ չի տվել նույնսկկ թշնամական պետության ղեկավարը: Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն է ընտրել մեր նախագահին և նրա իշխանության մարմիններին:
Ես արտահայտում եմ Արցախի բնակչության զգալի մասի կարծիքը, ովքեր վրդովված են ձեր պահվածքով, պահանջում են, որ դուք ճանաչեք չափերը և այն, թե որտեղ է ավարտվում ձեր լիազորությունները: Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք հասցված վիրավորանիք և մեր ժողովրդի անվտանգության մակարդակն իջեցնելու համար:
Հանդիսանալով թավշյա հեղափոխությունը Արցախում քարոզող ամենաակտիվ անձանցից մեկը՝ այս մի քանի օրերի ընթացքում, տարված լինելով նախընտրական քարոզչությամբ, դուք արեցիք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին եմ օրինակ ես, երես թեքեն ձեզանից, սիրո հեղափոխոթւյան գաղափարներից:
Ձեր շուրթերից հիմա սիրո և հանդուրժողականության կոչերի փոխարեն հորդում է ատելություն նրանց նկատմամբ, ովքեր ինչ-որ հարցում համաձայն չեն ձեզ հետ: Եղեք հանդուրժող և հավատարիմ մնացեք ապրիլյան հեղափոխության ոգուն հավատարիմ:
Ինչ վերաբերում է Արցախի ապագային, իմացեք մեկ բան՝ մենք կպաշտպանենք մեր իրավունքները ինքնուրույն որոշելու, թե ինչպես պետք է ապրել, ինչպես ընտրել: Աստված ոչ արասցե, եթե ինչ-որ մեկը փորձի դրսից միջամտել ու թելադրել մեզ մեր կյանքը: Դեռ շարունակում եմ հավատարիմ մնալ ապրիլյան թավշյա հեղափոխությանը:
Ձեր Կարեն Օհանջանյան:
Կարեն Օհանջանյանը Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգողն է, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր