Ֆեյսբուք 

2019-ի համար նման ահռելի պարգևավճարներ նախատեսված չեն. Գայանե Աբրահամյան

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը շուրջ հինգ ժամանոց հանդիպում ունեցավ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ՝ բարձրացնելով բազմաթիվ հարցեր պարգևավճարների և հարկային օրենսգրքի խնդիրների վերաբերյալ։ Պարգևավճարների խնդիրը բավական խորքային ու համակարգային է, տարիներով պարգևավճարների պրակտիկան եղել է միակ միջոցն այդ համակարգում լավ մասնագետներ պահելու, նախկինում եղել են դեպքեր անգամ ավելի մեծ պարգևավճարների ու հավելավճարների, և վերահսկողների, բարձրաձայնողների բացակայության պարագայում տարիներով համակարգն աշխատել է հենց այդ սկզբունքով, այս պարգևատրումային բյուջեն էլ հաստատվել է նախորդ տարի, նախորդ ԱԺ կողմից։

Իհարկե նոր բյուջեով այս ամենը փոխվել է, 2019-ի համար նման ահռելի պարգևավճարներ նախատեսված չեն, սակայն խնդիրը միայն գումարը չէ, այլ ողջ համակարգի փոփոխությունը։

Այստեղ կան ոչ միայն բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, քանի որ պարգևատրումները տրվում են հայեցողական որոշումներով, այլև ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա անարդարության, աշխատանքի գնահատման լուրջ մեխանիզմների բացակայության հետևանքով ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ ու օրենսդրական փոփոխություններ։

Ազատության հետ զրույցում կարճ անդրադարձել եմ հանդիպման հիմնական հարցերին»։

Նույն շարքից