Վերլուծական Տնտեսություն 

Նաև Ծառուկյանի աջակցությամբ Փաշինյանը եկավ իշխանության, ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը

analitik.am

Իշխանափոխության օրերին Գագիկ Ծառուկյանը կանգնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության կողքին. ինչպես իրենք են ասում, հեղափոխականներին մեքենաներով ջուր էին մատակարարում, ակտիվորեն մասնակցում էին բողոքի ակցիաներին։ Նաև Ծառուկյանի աջակցությամբ Փաշինյանը եկավ իշխանության։ Այդ աջակցությունն արտահայտվեց՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ խորհրդարանից դուրս։ Ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը։

Օրերս կառավարությունը որոշեց հայկական ցեմենտ արտադրողներին, որոնցից ամենախոշորը, թերևս, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտն» է, պետական լծակներով պաշտպանել ներկրվող իրանական ցեմենտի ճնշումից։

Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում։ Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։ Կամ՝ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը։ Մի՚՞թե Հայաստանում այլ արտադրողներ չկան, որոնք պաշտպանության կարիք ունեն։

Իհարկե, կան և շատ։ Բայց նրանց ձայնը կառավարություն չի հասնում։ Ասենք` գյուղատնտեսական ապրանքները։ Ինչո՞ւ նույնքան փութաջանորեն կառավարությունը ներքին շուկան չի պաշտպանում թուրքական լոլիկի կամ այլ ապրանքների ներմուծումից։

Հիմա ինչպե՞ս կոչել ցեմենտ արտադրողներին պաշտպանելու կառավարության քայլը։ Այս դեպքում Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարա՞ր է, ինչպես ասում է վարչապետը, թե՞ օլիգարխ։ Թեև դրանից, ըստ էության, շատ բան չի փոխվում։

Հասկանալի է, որ կառավարության այդ քայլով շահում է գործարարը, լուծվում է նաև մի քանի հարյուր կամ 1000-2000 մարդու աշխատանքը չկորցնելու խնդիրը։ Բայց տուժում են տասնյակ-հազարավոր սպառողներ, որոնք ստիպված են լինելու անհամեմատ թանկ գնով ձեռք բերել այդ ապրանքը։

Հիմա ո՞րն է առավել կարևոր` տեղական արտադրո՞ղը, թե՞ սպառողը։ Այս հարցի պատասխանն այնքան էլ միանշանակ չէ։

Այնպես չէ, որ ներքին արտադրողի պաշտպանությունը պետք է արվի սպառողի հաշվին։ Ինչո՞վ է մեղավոր սպառողը, որ տեղական ցեմենտը մրցունակ չէ շուկայում։ Ու հիմա ստացվում է, որ սպառողը պետք է հավելյալ գին վճարի նրա համար, որ տեղական արտադրողն իրեն լավ զգա։ Սրանով կառավարությունը, այսպես ասած` սպառողի հաշվին լավություն է անում խոշոր գործարարին։ Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում։

Իսկ գուցե հակառակ ճանապարհո՞վ էր պետք գնալ։ Այսինքն` այնպես անել, որ ոչ թե ներմուծվող ապրանքը թանկանար, այլ տեղականն էժանանար, որպեսզի չտուժեր նաև սպառողը։ Բայց չէ, կառավարությունն ընտրել է հեշտ տարբերակը։

Չնայած դեռ պարզ չէ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ՝ ինչպես տվյալ ապրանքի ներքին շուկայի, այնպես էլ՝ գործընկեր երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների վրա։ Մի կողմից՝ փորձեր են արվում արտոնյալ ռեժիմներ ստանալ իրանական շուկայում հայկական ապրանքներն առաջ մղելու համար, մյուս կողմից` կառավարությունը սահմանափակումներ է կիրառում այդ երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Ավելին, ինչպես հայտնի է, դեռ նախորդ իշխանությունների օրոք ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, բանակցում էին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Սպասվում է, որ առաջիկայում մի քանի հարյուր ապրանքատեսակներ կստանան ազատ շրջանառվելու հնարավորություն։ Իսկ եթե դրանցից մեկն էլ ցեմենտն է։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է պաշտպանել տեղական արտադրողին։ Սրանք հարցեր են, որոնք դեռ բաց են մնում։

Մանրամասն՝ 168.am

Նույն շարքից