Ֆեյսբուք 

Նրանցից չորսն ունեն «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, երեքը՝ գեներալ-գնդապետներ են...

analitik.am

Այս մարդիկ, ովքեր ժամանակին զբաղեցրել են Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, փոխվարչապետի, պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, նախարարի, ոստիկանության պետի, ներքին զորքերի հրամանատարի, փոխնախարարի, պետական պահպանության ծառայության պետի, ԴԱՀԿ ծառայության պետի, քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնները և վճռել մեր հայրենիքի ճակատագիրը, ներկայումս մեղադրվում են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:

Նրանցից չորսն ունեն ՛՛Արցախի հերոս՛՛ բարձրագույն կոչում, երեքը՝ գեներալ-գնդապետներ են, չորսը՝ գեներալ-լեյտենանտներ, երեքը՝ գեներալ-մայորներ:

Այս մարդկանց առաջադրված մեղադրանքներն առավել քան լուրջ են և այս մարդկանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն իսկական փորձություն են Հայաստանի իրավապահ համակարգի համար:
Տարիներ անց մենք հնարավորություն կունենանք արձանագրելու, թե, արդյո՞ք, հնարավոր եղավ արժանապատվորեն հաղթահարել այս փորձությունը և ապահովել իսկապես իրավունքի գերակայությունն ու արդարադատության իրականացումը:

Արդյո՞ք սա մեր պատմության մաքրագրումն է, թե՞ մենք մշտապես մնալու ենք սևագրության ցիկլի մեջ...
Իհարկե՛, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչո՞ւ է այս կամ այն մարդը մեղադրվում, կամ ինչու՞ է այս ցուցակում բացակայում Սերժ Սարգսյանի և բազմաթիվ այլ մարդկանց անունները, այդուհանդերձ, ինձ բոլորովին այլ հարց է հետաքրքրում:

Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական համակարգը, ընդդիմությունը՝ հատկապես, ինչպես նաև հասարակությունը մշտապես արձանագրել են, որ Հայաստանում իրականացված բոլոր տեսակի ընտրություններն անցկացվել են մասսայական ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքներով, որ օլիգարխները, թաղային խուժանն ու գողական աշխարհն ապօրինի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների վրա՝ ազդելով ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Պարզապես ցանկանում եմ արձանագրել. Հայաստանում երբևէ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի խախտումների հիմքով ներկայումս որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, այն դեպքում, երբ իմ կարծիքով, մեր երկրի զարգացումը կասեցնող հիմնական հանցագործությունները մեր պետության ու ժողովրդի նկատմամբ իրականացվել է ընտրությունները կեղծելու և իշխանությունը զավթելու միջոցով…

Եթե մենք կարողանայինք նախորդող տարիների ընթացքում իսկապես անցկացնել արդար ու ազատ ընտրություններ, համոզված եմ, որ կունենայինք որակապես ա՛յլ պետություն ու ա՛յլ հասարակություն և այսօր կանգնած չէինք լինի այսպիսի մղձավանջի առաջ...

Հ.Գ. Առաջիկայում կներկայացնեմ իմ պատկերացումները իրավապահ համակարգում տեղի ունեցող գործընթացների մասին...

Իրավաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից