Բիզնես 

Հայկական ավիացիան համալրվեց նոր ավիափոխադրողով. այն ներքին թռիչքներ կիրականացնի

analitik.am

Հանրային խորհրդի ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց, թե հայաստանյան ավիափոխադրողին՝ «Էյր Արմենիային» միացել է ևս մեկը՝ «SKY NET»-ը։

 

Ասուլիսին ներկա «SKY NET» ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը նշեց, որ ընկերությունը կիրականացնի ներքին թռիչքներ և դրա համար ձեռք է բերել 1 ինքնաթիռ։

 

«Ավիաընկերությունը ստեղծվել է 2011թ.՝ Հայաստանի ազգային ավիացիոն ասոցիացիայի կողմից։ Այժմ ընկերությունը սեփականության իրավունքով տիրապետում է Jetstream 32 անգլիական արտադրության՝ 19 տեղանոց երկշարժիչային օդանավի։ Այն կարող է կատարել չվերթներ՝ 1200 կմ շառավղով և հագեցած է ժամանակակից սարքավորումներով»,-ասաց նա։

Ավիաընկերության տնօրենը տեղեկացրեց, որ ինքնաթիռի ձեռքբերման գործում աջակցություն են ցուցաբերել Էդուարդո Էռնեկյանը և «Արմենիա միջազգային օդանավակայանները»։

Ավիաընկերությունը մոտ ապագայում կիրականացնի ավիափոխադրումներ Երևան-Կապան-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Ստեփանավան-Երևան, ինչպես նաև այլ ուղղություններով՝ ՀՀ տարածքում առկա օդանավակայանների վերանորոգման դեպքում։

 

«Մենք ոչ միայն Հայաստանի տարածքում կկատարենք չվերթներ, այլ նաև Հայաստանից դուրս»,-ասաց տնօրենը, տեղեկացնելով, որ ամռանը կլինեն չվերթներ դեպի Թբիլիսի, Բաթում և Թավրիզ՝ նախնական հաշվարկով տոմսերի՝ մոտ 40 հազ. դրամ արժեքով:

 

«Թռիչքային մեկ ժամն արժե 1680 դոլար. ինքնաթիռը ծախսատար է, հիմնական գինը ավիավառելիքն է և օդանավակայանների սպասարկման ծախսը։ Նաև տոմսերում հաշվարկվում է ավելացված արժեքի հարկը»,-հայտնեց Գրիգորի Վարդանյանը և միաժամանակ նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությունը պատրաստ է զեղչեր տրամադրել ներքին շուկայում չվերթների համար: 

Նույն շարքից