Բիզնես 

Հայաստանի և Ուկրաինայի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է

analitik.am

Վերջին տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանի և Ուկրաինայի արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 167,7 մլն դոլարը: Սակայն բալանսը Հայաստանի օգտին չէ՝ 146,0 մլն դոլար՝ մինուս նշանով:


Մենք այդ երկիր ընդամենը 10,9 մլն դոլարի ապրանք ենք արտահանել, ներկրել՝ 156,9 մլն դոլարի:


Ուկրաինայից ներկրված ապրանքներից առաջին տեղում՝ ներկրման ընդհանուր ծավալի 12,4% բաժնեմասով, սիգարետն է՝ 1,2 մլրդ հատ՝ ստանդարտ տուփի համար 0,33 դոլար մաքսային արժեքով: Այսպիսով, մենք հայրենական ծխախոտային արտադրանքը հաջողությամբ արտահանում ենք մի շարք պետություններ և ներկրում ենք այլ պետություններից, այդ թվում՝ Ուկրաինայից: 


Երկրորդ տեղում՝ 12,0% բաժնեմասով, երկաթյա կամ անխառն պողպատից ձողերն են: Հաշվետու ժամանակահատվածում 28,6 հազար տոննա ուկրաինական արտադրության ձողեր են ներկրվել՝ 18,9 մլն դոլարի:


Նշանակալի ծավալով  (6,3%) ներկրվել է մեկ այլ շինանյութ՝ երկաթյա գլոցվածքները: Ներկրման ծավալը կազմել է 12,7 հազ. տոննա՝ 9,9 մլն դոլար արժեքով:


Այլ ապրանքներից կարելի է նշել ցորենը (մոտ 4,7 հազ. տոննա), խտացրած կաթը (947 տոննա), ոլոռազգիները (ավելի քան 1,0 հազ. տոննա), շոկոլադը (ավելի քան 2,0 հազ. տոննա), հրուշակեղենը (1,6 հազ. տոննա) եւ այլն:


Նշենք, որ մեր գործարարները Ուկրաինայից մոտ  1,8 մլն հատ ձու են ներկրել՝ հատի համար 0,125 մաքսային արժեքով:


Ուղիղ մեկ տարի առաջ Ուկրաինան մի շարք ապրանքների ներկրման տուրքերը բարձրացնելու որոշում էր ընդունել՝ հայրենական արտադրողների պաշտպանության նպատակով: Դա վերաբերում էր օրգանական և ոչ օրգանական քիմիայի արտադրանքներին, քարե արտադրանքին,  ներկանյութերին և այլն: Եթե Ուկրաինան մտնի Մաքսային միություն, այդ տուրքերը հնարավոր է վերանայվեն:  Նշենք, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ երկիր վերամշակված քարի արտահանումը կազմել է ընդամենը 377 տոննա՝  210 հազար դոլարից էլ պակաս:

Նույն շարքից