Կառավարության այսօրվա նիստին Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին պետք է տրամադրվի մեկ աշխատողի հաշվով` 6 - 8 քառակուսի մետր մակերեսով տարածք: Ըստ այդ նախագծի՝ սենյակը, որը պետք է հատկացվի տնօրենին, պետք է լինի 30-50 քառ. մետր մակերեսով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին զարմանք պատճառեց, որ տնօրենը կարող է ունենալ 50 քմ մակերեսի չափ աշխատասենյակ, ինչի առիթով ասաց. «Էս տնօրենի սենյակը, որ գրած ա 30-50 քառակուսի մետր, ի՞նչ է անելու»:
Արման Սահակյանը պատասխանեց. «Պարոն վարչապետ, հիմա մեր Իսահակյան 28 շենքում են տեղակայված գրահրատարակիչները, մեր չափորոշիչներով բավականին մեծ տարածություն են կորցնում: Փաստորեն իրենք չեն կարողանում ունենալ պահեստային սենյակ, չեն կարողանում ունենալ տնօրենի սենյակ դրա համար հստակ չափորոշիչների մեջ մտցրել ենք, որ գոնե այդ երկու տեխնիկական սենյակներն ունենան»:
«Հա, բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ է: 30-ից 40 է գրած, բայց 50 քմ տնօրենն ի՞նչ պետք է անի, 30-ը բավական է, մնացածն աշխատողներին թող տան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Երկխոսությանը միջամտեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ասաց, որ աշխատողների տարածքի խնդիրն իսկապես եղել է. «Ձեր հանձնարարությամբ ուսումնասիրություն արեցինք, իրականում սա տնօրենի սենյակ չի, իրականում սա աշխատողների համար է: Նրանք պայմանագրային մեծ քանակի աշխատողներ են ներկայացնում, մեծ սենյակ է, որտեղ նստած են պայմանագրով աշխատող ձևավորողներ, խմբագիրներ: Իրականում դա տնօրենի սենյակ չէ»,- ասաց Հարությունյանը:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց նախագծում տնօրենի սենյակ բառը փոխարինել աշխատողների սենյակով, որ ավելի հասկանալի լինի: