Բիզնես 

ՏՄՊՊՀ-ն տուգանել է՝ գովազդային բառերը չարաշահելու համար

analitik.am

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է մի շարք ընկերությունների՝ անբարեխիղճ գովազդի, գովազդային բառերն ու արտահայտությունները չարաշահելու, այլ ընկերության բրենդն օգտագործելու համար: Բոլոր խախտողները տուգանվել են նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:


Ինչպես նշվել է ՍՊՊՀ-ի այսօրվա նիստում, մի շարք դեպքերում  գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ տեղեկատվություն և, բացի այդ, վարկաբեկում են մրցակից ընկերություններին: Մասնավորապես, օգտագործվել են արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով:


Այսպես, «Բի Էյչ Էս»  խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»: «Հիքսոս» ընկերությունը՝ իր կողմից իրացվող «Riso Scotti» բրնձի գովազդում նշում է, որ դրա «իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից»:


Մեկ այլ դեպքում՝ «Լ Օպտիկ» ընկերության գովազդում, ասվում է.  «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք...»:


Այսպիսով, առաջին երկու դեպքում ներկայացվում են կեղծ կամ ոչ լիարժեք տվյալներ (չի նշվում, թե ով է հավաստել ապրանքի միջազգային որակը): Անհարկի օգտագործվում են գերադրական աստիճաններ, ինչը համարվում է հասարակության մոլորեցում: Երրորդ դեպքում առկա է մրցակցին վարկաբեկելու փորձ:


Մեկ այլ տուգանք նշանակվել է «Իդեալ Գազ» ընկերությանը. վերջինս օգտագործում էր «Իդեալ» ապրանքային նշանը, թեև «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքանիշները գրանցել է մեկ այլ ընկերություն՝ «Իմէքս Գրուպ»: Ըստ Հանձնաժողովի՝ «Իդեալ Գազի» նման շուկայավարումը մոլորեցնում է սպառողներին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից