Բիզնես 

Հայաստանը բարելավել է դիրքերը Transparency International-ի կոռուպցիոն ինդեքսում

analitik.am

Հայաստանը հայտնվել է Transparency International-ի դեկտեմբերի 3-ին հրապարակած  «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2013» -ի (Corruption Perceptions Index - CPI)՝ ԱՊՀ անդամ երկրների համեմատ առավել քիչ կոռումպացված երկրների ցանկում: Այն 94—դ տեղում է հայտնվել՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 11 կետով  (105-րդ տեղ):

Transparency International-ը ԱՊՀ անդամ երկրներից առավել քիչ կոռումպացված է համարում նաեւ Մոլդովան՝ 102-րդ տեղ, եւ Բելառուսը՝ 123-րդ տեղ:

Ռուսաստանը պահպանել է նախկին տեղը՝ 127, կրկին հավաքելով 28 միավոր:

Նույնքան միավոր էլ հավաքել են Ադրբեջանը, Մադագասկարը,  Գամբիան, Լիբանանը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը եւ Կոմորյան կղզիները:

Հայաստանի հարեւաններ Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը համապատասխանաբար զբաղեցրել են 51-րդ, 53-րդ եւ 144-րդ տեղերը:

Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ Վրաստանն ու Իրանը մի քանի կետով նահանջել են, իսկ Թուրքիան մեկ կետով բարձրացել է:

CPI տվյալով՝ պետական հատվածում կոռուպցիայի ամենացածր աստիճանը Դանիայում եւ Նոր Զելանդիայում է, որոնք 91-ական միավոր են ստացել:

Հաջորդում են Ֆինլանդիան եւ Շվեդիան՝ 89 միավորով, նաեւ՝ Նորվեգիան ու Սինգապուրը՝  86 միավորով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին՝  վկայակոչելով  Transparency International-ը:

CPI ինդեքսի 177 պետությունների երկու երրորդը 50-ից ցածր միավորներ ունեն:

Ամենաբարենպաստ վիճակը ԵՄ եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում է: Այստեղ 50-ից ցածր միավորներ ունի միայն տարածաշրջանի երկրների 23%-ը: Տարածաշրջանի ամենակոռումպացված երկիրը նախորդ տարվա նման Հունաստանն է, որն իր  40 միավորով 80-րդ տեղը կիսում է Չինաստանի հետ:

Transparency International-ի վարկածով առավել  անբարենպաստ տարածաշրջանն Արեւելյան Եվրոպան է եւ Կենտրոնական Ասիան: Այստեղ կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը Թուրքմենիայում եւ Ուզբեկստանում է:

Transparency International-ի ինդեքսը տարբեր հարցումների ամբողջություն է եւ հենվում է տարբեր կազմակերպությունների ունեցած կոռուպցիոն տվյալների վրա:

Նույն շարքից