Եվրամիությունն ափսոսանք է հայտնել սննդամթերքի ներմուծման ոլորտում Ռուսաստանի կողմից մտցված սահմանափակող միջոցառումների կապակցությամբ եւ դրանք համարել է քաղաքական: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Այս հայտարարությունն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով է արվել: Եվրամիությունը կգնահատի այդ միջոցները, երբ մենք դրանց բովանդակության եւ ծավալների մասին բավարար չափով տեղեկություններ կունենանք»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վենսանը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, մամուլի խոսնակը նշել է, որ ռուսական պատժամիջոցները գնահատելուց հետո Եվրամիությունն «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»: Վենսանը նաեւ հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ եվրոպացիները պատժամիջոցներ են սահմանել Ղրիմի ապօրինի բռնակցման եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվան մեկ տարի ժամկետով արգելել է տավարի, խոզի, թռչնի, ձկան մսի, պանրի, կաթի եւ մրգերի ու բանջարեղենի ներմուծումը Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Եվրամիությունից եւ Նորվեգիայից: