Բիզնես 

5 տարվա ընթացքում ռուսական գազի հաշվին Հայաստանը մեծ գումարներ կտնտեսի

analitik.am

Առաջիկա հինգ տարիներին Հայաստանը 800 մլն դոլար կտնտեսի՝ Ռուսաստանի կողմի գազի արտահանվող տուրքերը չեղյալ հայտարարելու շնորհիվ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանի հարցին:


«Գազպրոմը» բազմիցս հայտարարել է, որ ռուսական գազի գները պետք է բարձրացվեն, այդ թվում՝ Հայաստանի համար: 2011-ին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել  ռուսական կողմի հետ, որ Հայաստանը կշարունակի գազ ստանալ նախկին 180 դոլարի դիմաց»,-հիշեցրել է նախարարը:


Վլադիմիր Պուտինի պետական այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ տարվա ընթացքում գազի գնի ձեւավորման վերաբերյալ, ինչպես նաեւ կուտակված պարտքի կարգավորման վերաբերյալ: «Մեր պայմանավորվածության համաձայն՝ պարտքի կեսը մենք են փակելու, մյուս մասը՝ ռուսները»,-հայտարարել է նախարարը:


Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 2011- 2018թթ ռուսական կողմի ֆինանսական ծանրաբեռնվածությունը զեղչերի ու տուրքերը չեղյալ հայտարարելու հաշվին կկազմի մոտ 1,1 մլրդ դոլար: «Դրանցից մենք վճարելու ենք 155 մլն դոլարը՝ որպես «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը»,-եզրափակել է Մովսիսյանը:


Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի ութսուն տոկոսը պատկանում է «Գազպրոմին», քսան տոկոսը՝ Հայաստանի կառավարությանը: Պուտինի այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջին քսան տոկոսը եւս ռուսական կողմին փոխանցելու վերաբերյալ:

Նույն շարքից