2014թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանում փայլաաթիթեղի արտադրությունը կաճի 7%-ով, իսկ ՌՈՒՍԱԼ ընկերությունում՝ մինչեւ 85 հազ. տոննա, այս մասին հայտնել է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Գորյաչևը: Նրա խոսքով՝ ընկերությունը արտադրանքը Հայաստանից արտահանելիս ոչ մի էական խնդրի չի բախվում:
ԱՐՄԵՆԱԼ-ը կարևոր տեղ ունի փայլաթիթեղի մեր երեք ձեռնարկությունների շարքում, այդ պատճառով արտահանման պատվերների զգալի մասը կենտրոնացած կլինի հենց այստեղ»,- հայտարարել է Գորյաչևը:
Հարցին՝ արդյոք ԵՄ-ի շուկայի բացումը կազդի արտահանման աճի վրա, Սերգեյ Գորյաչևը պատասխանեց, որ առաջիկա տարում ԱՐՄԵՆԱԼ-ը կսկսի փայլաթիթեղ արտադրել սննդի տեղափոխման բեռնարկղերի համար: ԵՄ-ի շուկայի բացումն աճի լավ հեռանկար է խոստանում (ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ը նրբաթիթեղ արտահանում է հիմնականում ԱՄՆ և Հայաստանից այդ երկիր խոշորագույն արտահանողն է):
«Մենք ակնկալում ենք, որ ԵՄ դատարանի հայկական փայլաթիթեղի նկատմամբ հակադեմփինգային տուրքերը վերացնելու մասին որոշումը վերջնական է:
Մեր դիրքորոշումը միանգամայն հիմնավորված է, ինչն էլ հաստատում է դատարանի որոշումը:
Քիչ հավանական է, որ մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վճիռը կբողոքարկվի»,- կարծում է Գորյաչևը:
Հայկական նրբաթիթեղի նկատմամբ հակադեմփինգային տուրքերը Եվրամիությունը սահմանել էր 2009թ.: ԵՄ դատարանը դրանք 2013թ. նոյեմբերի 5-ին չեղյալ էր հայտարարել:
ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ռուսական ՌՈՒՍԱԼ-ի դուստր ձեռնարկությունը) Երևանում բացվել է 2000թ. մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինային փայլաթիթեղի միակ արտադրողն է:
2013թ. ինն ամիսներին ԱՐՄԵՆԱԼ-ը 20 464,7 տոննա ալյումինային փայլաթիթեղ է արտադրել, ինչը 4,7%-ով ավելի է 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: