Բիզնես 

Գազը ցածր սակագնով մատակարարելու մասին պնդումները բլեֆ են

analitik.am

Հայաստանում վերջերս երկու ընտրություններ կայացան՝ նախագահական և խորհրդարանական, որոնց հաջորդեց գազի սակագնի կտրուկ բարձրացումը: Այս մասին ԱԺ-ում դեկտեմբերի 6-ի ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


«Ռուսական կողմի հետ 2008թ. պայմանագրի համաձայն՝ գազը պետք է եռակի թանկանար, այնինչ թանկացավ հնգակի: Եվ այս ամբողջ գործընթացը հայ ժողովրդից և անգամ իշխող կուսակցությունից գաղտնի էր պահվում:  2013թ. նախագահական   ընտրությունների ժամանակ ևս պաշտոնապես հայտարարվեց, որ թանկացում չի լինի», - նշեց Մանուկյանը: Ըստ ընդդիմադրի՝ աստիճանաբար կուտակվել է պարտքը, որը հասել է 300 միլիոնի:


«Հայաստանն ունի 20% բաժնեմաս, և եթե «ՀսյՌուսգազարդը» պարտք է կուտակել, ապա ինչո՞ւ պետք է  20%-ի տերը վճարի ամբողջ  այդ կառույցի պարտքը: Բլեֆ է, որ կառավարությունը գազը ցածր գնով է հատկացրել, իրականում նման բան չկա», - ընդգծել է պատգամավորը: Ռուսական կողմի հետ պայմանագրում, ըստ նրա, կետ կա, որ չվճարելու դեպքում ռուսական կողմը կանջատի գազը:  «Մեր կառավարությունն էլ ասել է, որ պետք չէ անհանգստանալ, մենք գույք ունենք: Նրանք պարտքի դիմաց երկրի գույքը հանձնելու  ոչ մի իրավունք չունեին», - վստահ է Արամ Մանուկյանը: Նա հետաքրքրվել  է՝ ինչու պետք է Ռուսաստանը Հայաստանին ների պարտքը, որն այս տարի, ըստ իր հաշվարկի, կազմել է  133 մլն դոլար:


Պատգամավորը նաև հավելել է, որ իրանական կողմի հետ երբեք գազի գնի շուրջ բանակցություններ չեն տարվել:


«Հայաստանի իշխանությունները նույնիսկ նման փորձ չեն կատարում, նրանք արդեն այդքան անինքնուրույն են», - ամփոփել է Արամ Մանուկյանը:

Նույն շարքից