Բիզնես 

Քննարկվել են Հայաստանում «ՌՈՍՏԵԽ»-ի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները

analitik.am

Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության Անվտանգության խորհուրդների միջև համագործակցության շրջանակում ստորգրված արձանագրության` կքննարկվեն Հայաստանում «ՌՈՍՏԵԽ»-ի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «ՌՈՍՏԵԽ» կորպորացիայի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Իվանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:


Նրա խոսքով` Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա: Եվ, այդուհանդերձ, պետք է ընտրել այն ոլորտները, որտեղ առկա են որոշակի տնտեսական հնարավորություններ և որոնք շահավետ են ներդրումներ իրականացնելու համար:


Կողմերը դիտարկել են մի շարք ոլորտների զարգացման պոտենցիալը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ առաջիկայում ներդրումներ իրականացնելու եւ համատեղ գործունեության ծավալելու համար:


Ալեքսեյ Իվանովն իր խոսքում նշել է, որ առկա է պատրաստակամություն և հետաքրքրություն հայաստանյան ընկերությունների հետ համատեղ աշխատելու համար:


Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում երկկողմ ձեւաչափով մասնագիտական հանդիպումներ կազմակերպելու և ներդրումային կոնկրետ ծրագրեր քննարկելու համար:

Նույն շարքից