Բիզնես 

Վլադիմիր Ժիրինովսկու նախաձեռնությունը Ռուսաստանը միջնադար կտանի

analitik.am

Եթե ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝   միգրանտների դրամական փոխանցումները հարկելու վերաբերյալ առաջարկն ընդունվի էլ, ապա այն չի վերաբերի Մաքսային միության և հետագայում էլ Եվրասիական միության կազմում ընդգրկված երկրներից գնացած միգրանտներին:  Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկը, որը վերաբերում էր միգրանտների դրամական փոխանցումները հարկելուն, ինչպես նաև ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից հարկեր գանձելուն:


Ըստ Մուքանյանի՝ նախաձեռնությունը չի վերաբերի Հայաստանից, Բելառուսից և Ղազախստանից գնացածներին: Ինչ վերաբերում է ծննդաբերության նպատակով Ռուսաստան մեկնածներից հարկեր գանձելուն, ապա ՌԼԴԿ-ի այս նախաձեռնությունն անհասկանալի է, քանի որ բժշկական ծառայությունները վճարովի են, և այսպես թե այնպես, այդ բժշկական ծառայությունը նույնպես վճարովի է: «Ռուսաստանում նույնիսկ այն ծննդկանները, որոնք պետք է օգտվեն անվճար բուժօգնությունից, վճարում են, իսկ երբ խոսքը այլ երկրներից ծննդկանների մասին է, վճարում են նաև հիվանդանոցներին, որոնք էլ իրենց հերթին հարկեր են վճարում պետությանը:  Ի՞նչ հավելյալ հարկերի մասին է խոսքը, անհասկանալի է, հիվանդանոցը, առողջապահության նախարարությունն առանց այդ էլ վաստակում են ծննդկաների հաշվին», - ասել է Մուքանյանը:


Նա նաև նշել է, որ այլ երկրում ծննդաբերելը  ընդունված նորմալ պրակտիկա է, քանի որ շատ ռուսաստանցիներ նախընտրում են ծննդաբերել, օրինակ, Փարիզում կամ Լոնդոնում: «Եթե արտասահմանցի քաղաքացիներին արգելվի օգտվել Ռուսաստանում բժշկական ծառայություններից և դրա դիմաց հավելյալ հարկեր պահանջվեն, բացի նրանցից, որն արդեն վճարում են, ապա դա երկիրը միջնադար կհասցնի: Հակառակը, պետք է գնահատել Ռուսաստանում բուժօգնություն եւ կրթություն ստանալու մարդկանց ցանկությունը: Այլ բան է, որ պետք է հետեւել, որպեսզի ծննդկաններն օգնություն ստանալուց հետո տուն վերադառնան»:

Նույն շարքից